Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերային սև շուկա կա․ կներգրավենք խաղային գործունեության ոլորտի օպերատոր․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Փետրվար 04,2026 13:31 Share

«ՊԵԿ-ն իրականացնում է խաղային գործունեության օպերատորի մրցույթ։ Ենթադրվում է, որ 15 տարի ժամկետով ներգրավվելու է խաղային գործունեության ոլորտի օպերատոր, որը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտը՝ թվային առումով»,- ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու օրենքի նախագծերի ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը (լուսանկարում)։

Նա հայտնեց՝ ստեղծվելու է թվային ենթակառուցվածք, որն ինտեգրվելու է բոլոր օպերատորների հետ՝ այդ թվում նաև՝ ֆիզիկական խաղատների հետ, որի արդյունքում ստացվելու է տեղեկություն բոլոր կատարվող գործողությունների վերաբերյալ՝ խաղադրույքների, շահումների և պարտությունների։

Ռաֆայել Գևորգյանն ասաց, որ եթե ընթացքը սահուն լինի, տարվա կեսերին արդեն ընտրված օպերատոր կունենանք։

Բաբկեն Թունյան

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ այս նախաձեռնության հետ կապված ոլորտի կողմից դիմադրություն կար, զգայուն թեմա է, շահարկումներ եղան և, մյուս կողմից էլ, նշեց․ «Մի օբյեկտիվ հակափաստարկ եղավ ընկերությունների կողմից, որ մենք, խստացնելով պայմաններն ու ավելի սահմանափակելով ոլորտը՝ գրանցված ընկերությունների համար, պետք է փակենք նաև հասանելիությունը ՀՀ-ում չգրանցված և ապօրինի, մեր օրենքներով չգործող ընկերությունների համար։ Սակայն ցավոք, մինչև այսօր այդ կայքերն ունեն հասանելիություն, և տեսնում ենք նաև գովազդը, նույնիսկ կարող է՝ միջոցառումների հովանավոր հանդես գան։ Բացի այն, որ մեր ընդունած կարգավորումը շեղում է, կբերի վատ հետևանքի, որ մենք կունենանք ֆինանսական արտահոսք, խարդախություններ, անհասկանալի ընկերություններ և մարդկանց ավելի վատ վիճակի մեջ կդնենք։ Ո՞ր պետական կառույցն է պատասխանատու կայքերի սահմանափակումների և գովազդի կանոնները խախտելու համար»։

Ռաֆայել Գևորգյանն արձագանքեց․ «Ցավոք, օնլայն տիրույթում ստվերային սև շուկա գոյություն ունի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ ՀՀ-ում, վերահսկողությունը բավականին խրթին է՝ մանավանդ այնպիսի երկրներում, որտեղ գործում է համացանցի ազատությունների բարձր մակարդակ։ Բարդ է սահմանափակել ապօրինի խաղատների գործունեությունը առցանց տիրույթում։ Չնայած օրենքով ունենք կարգավորումներ։ Օրենքի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար պետք է քննարկի ապօրինի կայքերը, կայացնի որոշում, այն ուղարկի հեռահաղորդակցության օպերատորներին, որոնք պետք է արգելափակեն այդ կայքերը։ Այդ ընթացքում ռիսկ կա, որ մեր ստվերային շուկան արագ կարող է կողմնորոշվել, ուստի մենք պետք է օպերատիվ գործենք։ Արգելափակումը պետք է լինի օպերատիվ պրոցես, կայքերը մեկ-երկու օրում պետք է արգելափակենք, բանկային համակարգը չպետք է սպասարկի»։

Նշենք, որ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծին։ Երկրորդ ընթերցումը տեղի կունենա 24-ժամյա ռեժիմում։

Տաթև ՀԱՐՈՒԹՀՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728