Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հատկապես մարզային հանդիպումների ժամանակ, շատ է լսում թափուր աշխատատեղերի մասին։ Մյուս կողմից՝ իրենց իշխանությունը, իր գնահատմամբ, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր է ստեղծել, բայց կան նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում։
Այս ռեբուսը նա այսօր առաջարկեց լուծել իր կուսակից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանին։ ՔՊ-ական պատգամավորները ՔՊ-ական նախարարին հրավիրել էին խորհրդարան՝ աշխատանքային քննարկման։
Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ ՔՊ-ն իր իշխանության առաջին օրին 281 հազար 234 աշխատատեղ է ստեղծել եւ հստակեցրեց՝ նույնիսկ, եթե ասվի, որ դրանց մի մասը ստվերից է դուրս եկել, ինքը վստահ ասում է՝ դա շատ փոքր մասն է։
«Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք, նույնիսկ առանց ասելու ենք արել»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ քար նետելով «Մեր ձեւով» շարժման կողմը․ շարժման տնտեսական ծրագրի հիմնական քայլն է դա։
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանը նաեւ որոշակի վերլուծություն ներկայացրեց աշխատավարձերի մասով․ 2018-ի ապրիլին, իր հաշվարկով, միջին աշխատավարձը 173 հազար է եղել, հիմա՝ 320 հազար է։ Ասում է՝ ցածր վճարվող աշխատատեղերից միգրացիա կա դեպի բարձր վճարվող աշխատատեղեր։ Ցածր աշխատավարձ՝ 200 հազար դրամից պակաս ստացողների թիվը, ըստ այդ հաշվարկի, նվազում է․ նոյեմբերին անկում է եղել մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների շարքում, բայց աճ կա 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողների շարքում։
Արսեն Թորոսյանը նաեւ մանրամասնեց՝ մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա, 30 հազարից ավելի՝ գրանցված գործազուրկ։ Հիմնական խնդիրը՝ մասնագիտական որականերն են, նաեւ՝ տրանսպորտի հասանելիություն հարցեր կան, աշխատավարձերի չափի հետ կապված հարցեր էլ կան․ «Հաճախ գործազուրկին առաջարկում են 100 հազար դրամանոց աշխատանք, բայց նա հրաժարվում է․ միգուցե ա՞յլ եկամուտ ունի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































