Ինչպես էր դրանք բնութագրում Նիցշեն, եւ որքանով է նրա նկարագրությունը արդիական
Մարդկությունը եւ առանձին երկրների հասարակություններ ժամանակ առ ժամանակ ապրում են բարոյական անկման, բարքերի այլասերման շրջաններ: Այդ փուլերում դասական կրոնին փոխարինում են տարբեր տեսակի սնահավատություններ, որոնք խմբակային եւ նույնիսկ անհատական բնույթ են կրում: Մեկը հավատում է «թուղթուգիր անելուն», մյուսը՝ փողոցն անցնող սեւ կատվի զորությանը, ու այդ անձինք կամ խմբերը կարող են իրար հետ թշնամանալ: Սնահավատությունները, ինչպես կտեսնենք, կարող են ավելի բարդ լինել, բայց այստեղ կարեւորը հասարակությունների մեջ բաժանարար գծերն են, ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը: Որպես հետեւանք, մարդիկ չեն ուզում միասնական ձեւով պայքարել, կռիվ տալ հանուն ինչ-որ նպատակի, այլ ձգտում են հաճելի եւ հարմարավետ կյանքի:
Գրելով բարոյական անկման մասին՝ գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն բանավիճում է նրանց հետ, ովքեր պնդում էին, թե նման փուլերում բարքերը պակաս դաժան են, քան «կրոնական» ժամանակահատվածներում: Այդ ճգնաժամերի ընթացքում մարդիկ հասկանում են, որ մերձավորներին կարելի է սպանել ոչ միայն զենքով, այլեւ խոսքով: Հենց այդ պատճառով էլ, փիլիսոփայի կարծիքով, այդ ժամանակներում զարգանում են «չար կատակներն» ու «զրպարտությունները»:
Բայց բարոյական ճգնաժամերի մեջ Նիցշեն տեսնում է նաեւ դրական տարրեր: Ժողովրդի թվացյալ ապատիան իրականում էներգիայի կուտակում է: Բարոյական անկման ժամանակներն, ըստ նրա, այն շրջաններն են, երբ հասունացած խնձորներն ընկնում են ծառից՝ դա ժողովուրդների աշունն է:
Կարդացեք նաև
Ինչպես տեսնում ենք՝ ավելի քան 140 տարի առաջ գրված աշխատության («Զվարթ գիտություն», 1882թ.) դրույթների մեջ կան նաեւ այսօրվա վիճակի ճիշտ կանխատեսումներ: Նիցշեն, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մտածողներ, հավատում է հասարակությունների ցիկլիկ, շրջափուլային զարգացմանը: Ճգնաժամը, որն այն ժամանակ՝ 19-20-րդ դարերի սահմանագծում, գիրքը գրելու պահին ապրում էր Եվրոպան, ի վերջո, հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին:
Մեզանից շատերը սեփական աչքով են տեսել գաղափարական, բարոյական ճգնաժամը, որն ապրում էր Խորհրդային Միությունը եւ, մասնավորապես, Խորհրդային Հայաստանը՝ 1970-ականներին, երբ ոչ ոք ոչ մի «պաշտոնական» գաղափարի չէր հավատում: Ի դեպ, նույն Նիցշեն ճիշտ էր նկատել, որ նման ճգնաժամերի ժամանակ կարող է ծաղկել մշակույթը, ինչպես դա եղել է Հին Աթենքի եւ Հին Հռոմի պատմության մեջ: Խորհրդային Հայաստանի մշակույթում նույնպես 1970-ականներին բարձր արժեքներ են ստեղծվել: Բայց նույն ժամանակահատվածում խորհրդային նախագիծը աստիճանաբար բացահայտում էր իր սնանկությունը՝ մարդիկ դարձյալ առաջին տեղում էին դնում ոչ թե սոցիալիզմի կամ կոմունիզմի գաղափարները, այլ՝ սեփական բարեկեցությունն ու հարմարավետությունը (Gemütlichkeit՝ Նիցշեի սիրած բացասական բնութագրումն է):
Ի հակադրություն դրա՝ հավատի, ինքնության ճգնաժամը, որն այժմ ապրում է աշխարհի առնվազն կեսը (նաեւ՝ մենք) մշակութային խոշոր նվաճողների չի հանգեցնում, եւ դրա պատճառների մասին ես նույնպես որոշակի ենթադրություններ ունեմ: Կարծում եմ, խնդիրն այն է, որ մենք ապրում ենք արտաքուստ հեշտ թվացող լուծումների շրջան: Հայտնվում են Իլոն Մասկի նման մարդիկ, որոնք խոստանում են տեղափոխել մեզ Մարս եւ այնտեղ երջանիկ կյանք ապահովել: Իբր ո՞ւր ենք մենք ինքներս մեզնից փախչելու:
Իսկ տեխնոլոգիաները մեզ առաջարկում են իրական սիրո, բարեկամության եւ գիտելիքի փոխարեն ինչ-որ «ավատարներ», որոնք լիուլի բավարարում են մեր՝ ժամանցի ու զվարճալիքների պահանջմունքը: Մինչդեռ բարձր մշակույթը, ցանկացած արժեք ընդհանրապես ստեղծվում է խոնարհ սրտով եւ տառապանքով՝ այդ բառերի աստվածաշնչյան իմաստով: Հիմա էլ են, անշուշտ, ստեղծվում արվեստի բարձրարժեք գործեր, բայց վերը նկարագրած շրջանների նման մշակութային «բում», «ոսկե դար» կամ «արծաթե դար» հաստատ չի նկատվում:
Միակ բանը, որում մենք անգերազանցելի ենք, Նիցշեի հիշատակած «չար կատակներն» ու «զրպարտություններն են», որոնք կոչված են իրար «բարոյապես ոչնչացնելուն»: Սոցցանցային դարը նման լայն հնարավորություններ է տալիս: Իրար հետ գրեթե չշփվող սնահավատների խմբերը ընդունակ են միայն փոխադարձ ատելության:
…Եվրոպան, մասնավորապես, ապրում է «մեռնող լիբերալիզմի» ժամանակներ, ինչպես Սովետը 70-ականներին՝ մեռնող կոմունիզմի շրջան: Դարձյալ բարձր ամբիոններից «ճիշտ» ճառեր են արտասանվում, որոնց ոչ ոք չի հավատում: Անգամ արտասանողները:
Բայց այժմ մի շրջան է, որն անխուսափելիորեն ավարտվելու է: Ցանկացած հիվանդություն, ինչպես արդեն ասվեց, իր մեջ առողջացման ներուժ է պարունակում: Պարզապես կա մի լուրջ վտանգ. փոքր պետությունները, որտեղ ամեն ինչ հիմնված է ատելության եւ թշնամանքների վրա, այս խառը ժամանակներում կարող են վերանալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2026



















































Ճիշտ ա, որ ճգնաժամերը դրական էլ են լուծվում։ Ճգնաժամ, այսինքն ճգնության ժամանակ։ Ուրեմն ժամանակավոր են։ Բայց ուրեմն ճգնություն ա պետք։ Ու պարտադիր չի ճգնությունը դառնություն լինի․ ի՞նչ ա ճգնությունը՝ գիտակցված, տրամադրված ջանք։ Կարա կենսալի անցնի, կարա հուսալի անցնի։ Բայց պետք ա ճգնություն ու ջանք, որպեսզի ճգնաժամերը դրական լուծվեն։
Լեզվական համեմատություն չեմ անի, չգիտեմ ուրիշները ոնց են իրանց բառերն հասել։ Մեր հասկացողությունն էլ, մեր ժառանգած լեզուն էլ հուշում են կյանքի, աշխարհի մասին։