Այս աշխարհում կարծես ամեն ինչ կանխորոշված է, այդ թվում՝ անհատականությունների ծնունդը։ Որպես մարդ ծնվելը բնական երեւույթ է, սակայն այլ է մարդ մնալու խնդիրը։
Ինքնահաստատման ճանապարհը լի է դժվարություններով, որոնք հաղթահարելու համար մեծ կամք ու մտավոր կարողություններ են պետք։
Երբեմնի մեր բաղձալի անկախությունը ստեղծեցինք, սակայն դրական մթնոլորտի ու բարեփոխումների փոխարեն, առաջին իսկ տարիներից ցայսօր շատ աղավաղումներ եղան մեր կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։ Էապես խաթարվեց նաեւ կրթական համակարգը։ Ուսուցիչը, ուստիեւ դպրոցը, դուրս մնացին իշխանությունների ուշադրությունից։ Նորմալ երկրում առաջին հերթին դպրոցական կրթական գործը պետական անշեղ հոգածության պետք է արժանանա, լինի ուշադրության կենտրոնում։ Ակնհայտ է, որ երկրի զարգացման համար առաջին գրավականը դպրոցն է, ուսուցիչը։ Դրա հետ մեկտեղ գիտությունը, գիտնականը, պետք է առանձնահատուկ վեաբերմունքի արժանանան։ Ուսուցիչը ու գիտնականը պետք է ապրեն արժանապատիվ կյանքով, որը, ցավոք, չի ապահովում նրանց ստացած չնչին աշխատավարձը։ Այդ պատճառով էլ երիտասարդ սերունդը չի ձգտում խորանալ կրթության եւ գիտության մեջ, որում, ցավոք, չի տեսնում լավ ապագա։
Մեր անկախությունից ի վեր, բազմաթիվ մտավորականներ, շնորհալի երիտասարդներ ստիպված հեռացել են հայրենիքից՝ հասկանալով, որ այլ երկրում, ըստ արժանվույն գնահատվելու են իրենց մտավոր արժեքները։ Հեռացել են բազմաթիվ շնորհալի գործարարներ, ովքեր մեր երկիրը կարող էին ծաղկեցնել, մեր երկրից պակասել է մարդկային Սերուցքը։
Կարդացեք նաև
Պիտի կարողանանք փայփայել ու գնահատել ամենայն արժեքները, մարդկային ներուժը։ Պետք է խրախուսվի ու նպաստավոր պայմաններ ստեղծվի՝ ազատ ստեղծագործելու, արարելու։
Ցավոք, մեր ազգային հոգեբանության մեջ ուշ կազմակերպվելու հատկանիշը կա, երբեմն հապաղում ենք։ Բարեբախտաբար, կան նաեւ առաջ մղող ուժեր։ Ունենք հրաշալի մանկավարժներ, արվեստագետներ, գիտնականներ, որոնք առանց ակնկալիքի, անմնացորդ նվիրումով իրենց Աստվածահաճո գործն են անում։ Հենց այդպիսի անհատականություններից մեկին է նվիրված իմ հոդվածը։
Կորյուն Առաքելյան, մաթեմատիկոս, իմ հայրենակիցն ու պատվարժան ընկերը։ Ընդհանուր գծերով ներկայացնեմ Կ. Առաքելյանի աշխատանքային գործունեությունը։
Երկար տարիներ աշխատել է Երեւանի պետական համալսարանին առընթեր ֆիզմաթ դպրոցում, այսուհետ՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։
Զուգահեռաբար, Կրթության ազգային ինստիտուտում կատարելագործման դասընթացներ է անցկացրել մաթեմատիկայի ուսուցիչների հետ, որտեղ ժամանակին ընդգրկված է եղել նաեւ ուսուցիչների ատեստավորման գործընթացի հանձնախմբում։
Բազմիցս եղել է դպրոցականների քաղաքային եւ հանրապետական մաթեմատիկական օլիմպիադաների ժյուրիի նախագահ։
Եվ պարզ է, որ ամենաուշագրավ շեշտադրումներն եմ անում Կ. Առաքելյանի գործունեության վերաբերյալ։
Ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ 120-ից ավելի ձեռնարկների հեղինակ է, որոնցից միայն 15-ն է, որոնք ունեն համահեղինակ։ Այդ թվում՝ ռուսերեն լեզվով գրված երեք գիրք՝ Ռուսաստանի դպրոցականների համար։ 10-րդ դասարանի հանրահաշվի գործող դասագրքի հեղինակն է։
Վերոնշյալ գրքերը հասցեագրված են մաթեմատիկայի ուսուցիչներին, աշակերտներին, դիմորդներին, օլիմպիադաներին նախապատրաստվողներին։
Կարծում եմ՝ այսպիսի աննախադեպ հսկայածավալ ստեղծագործական աշխատանքի համար Կորյուն Առաքելյանի անունը պետք է տեղ գտնի Գինեսի գրքում։
Նորիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2026


















































