Վճռաբեկ դատարանը հունվարի 23-ին հաստատված համարեց այն, որ Սերոբ Եսայանը հավաքելով տուժողի հաշվեհամարի գաղտնաբառը, ապօրինի մուտք է գործել երեւանյան բանկոմատի համապատասխան հավելված եւ տուժողների գումարները հափշտակել` բանկոմատն օգտագործելով, առանց օրինական թույլտվության, հետեւաբար, կատարվածը համակարգչային հափշտակություն է:
Սերոբ Եսայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. հունվարի 18-ին Երեւանում տեղակայված ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքի մոտ հետեւելով գումարը կանխիկացնել փորձող Ա. Ե.-ի գործողություններին եւ իմանալով նրա հավաքած ծածկագիրը՝ նույն օրը մեկ այլ բանկոմատից ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է Ա. Ե.-ին պատկանող 160.000 ՀՀ դրամ գումարը:
Դա առաջին անգամը չէր:
Մեկ ուրիշ դրվագով, նա 2022 թ. հոկտեմբերի 19-ին մեկ այլ բանկոմատի դիմաց նկատելով Ս. Գ.-ին, վերջինիս խնդրել է իրեն օգնել գումարի կանխիկացման հարցում, ով չմերժելով խնդրանքը’ օգնել է նրան, որից հետո Սերոբ Եսայանը սպասելով բանկոմատի մոտակայքում ու նկատելով Ս. Գ.-ի կողմից բանկոմատին հավաքված նրա հաշվի անհատականացնող համարը ու բջջային հեռախոսին «ՍՄՍ» հաղորդագրությամբ ուղարկված կանխիկացման ծածկագիրը, Ս.Գ.-ի հեռանալուց հետո’ բանկոմատի միջոցով հավաքել է տուժողի հաշվի անհատականացնող համարն ու կանխիկացման ծածկագիրը եւ կանխիկացրել 7.000 ՀՀ դրամ գումարը: 2022 թ. նոյեմբերի 10-ին դարձյալ երեւանյան բանկոմատի մոտ նկատելով գումար կանխիկացնել ցանկացող Ն. Բ.-ին, հայտնել է, որ բանկոմատը չի աշխատում, իր բջջային հեռախոսում գրանցել է վերջինիս կողմից բանկոմատին հավաքած թվանշաններն ու կանխիկացման ծածկագիրը, նրա հեռանալուց հետո, հավաքելով ճիշտ թվանշանը’ կանխիկացրել է Ն. Բ.-ին պատկանող 100.000 ՀՀ դրամ գումարն ու հեռացել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողությունը, որը կատարվել է տեխնիկական միջոցի կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը շրջանցելով):
Կարդացեք նաև
2023թ. դեկտեմբերի 19-ին դատական նիստում պաշտպան Պ. Սաֆարյանը միջնորդել էր կարճել քրեական գործի վարույթը՝ տուժողների հետ հաշտության հիմքով:
Տուժողները հայտնել էին, որ հաշտվել են մեղադրյալի հետ, նրանից որեւէ պահանջ չունեն, ցանկանում են, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի միմյանց հետ հաշտության հիմքով։
Մեղադրյալ Ս. Եսայանը հայտնել էր, որ զղջում է կատարած արարքների համար, համաձայն է, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի հաշտության հիմքով, միացավ պաշտպանի միջնորդությանը: Պաշտպանի միջնորդությունը դատարանը բավարարել էր:
Մեղադրողը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Քրեական վերաքննիչ դատարանը դատախազ Մ. Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել էր:
Մեղադրյալ Սերոբ Եսայանի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թ. դեկտեմբերի 19-ի թիվ ԵԴ1/1718/01/23 որոշումը թողնվել էր անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանը նույնպես թողեց անփոփոխ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2026


















































