Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են Պատարագի ժամանակ ասում «խաղաղություն ամենեցուն»

Հունվար 14,2026 13:00 Share

Եվ ինչու պատարագի չի կարելի գնալ՝ որեւէ մեկի դեմ պատերազմ վարելու նպատակով

«Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր», – ասված է Լեռան քարոզում (Մատթ. 5:23,24): Հաշվի առնելով այն ժամանակվա կրոնական պրակտիկան, Տիրոջ այս կոչն ավելի քան համարձակ էր:  Հրեաների համար ընծա մատուցելը սրբագույն մի արարողություն է՝ այն ընդհատելն առնվազն անարգանք է Աստծո հանդեպ: Բայց Քրիստոս, ինչպես որ Նա ասում է նույն քարոզում, գալիս է ոչ թե մերժելու, այլ լրացնելու օրենքը, այն ի կատար ածելու:

Եվ այդ դեպքում ստացվում է, որ ցանկացած կրոնական արարողություն պակաս կարեւոր է, քան մարդկային հարաբերությունների կարգավորումը: Ավելին՝ արարողությունն անիմաստ է դառնում, եթե դու սկզբից այդ հարաբերությունները չես կարգավորում:

Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ Տերը չի ասում՝ եթե դու նեղացրել ես եղբորդ, կամ՝ եթե նա նեղացրել է քեզ, կամ՝ եթե դու ճիշտ ես կամ սխալ: Ասվում է՝ «քո եղբայրը քո դեմ ոխ ունի» կամ այլ թարգմանությամբ՝ «քո եղբայրը քեզնից վշտացած է»: Խնդիրը, հետեւաբար, քո նեղվածությունը չի, այլ նրա՛ նեղվածությունը, անկախ նրանից՝ եղբայրդ արդարացի՞ է քեզնից նեղվել, թե՞ ոչ: Մտի՛ր նրա հետ կոմունիկացիայի մեջ, որպեսզի հետո շփվես Աստծո հետ:

Դուք կասեք՝ դա անհնարին է՝ բանուգործ թողնել եւ գնալ «եղբոր հետ հաշտվել»: Կենցաղային իմաստով՝ այո, դա բացառված է, բայց ոչ՝ աստվածաշնչյան իմաստով: Ընդհանրապես Ավետարանում եւ մասնավորապես Լեռան քարոզում բազմաթիվ «անիրատեսական» պահանջներ կան: Օրինակ, Մատթեոսի Ավետարանի նույն գլուխը, որից մեջբերում է արված, ավարտվում է հետեւյալ կոչով՝ «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (5:48): Կատարյալ լինել Աստծո չա՞փ: Նման բան չի կարող լինել որեւէ մարդու պարագայում: Բայց մեր դեպքում խոսքը ոչ թե բացարձակ կատարելության մասին է, այլ մեր ներքին հոգեւոր շարժման՝ դեպի ամբողջականություն, դեպի հասունություն՝ հունարեն բնագրում  τέλειοι (teleioi)  իմաստը հենց դա է:

Նույն ձեւով է պետք հասկանալ «եղբոր հետ հաշտվելը», որը ոչ միայն պատարագի, խաչերթի կամ որեւէ այլ հոգեւոր արարողության նախապայման է, այլեւ դրա անբաժանելի մասը: Պատարագի ժամանակ քահանան մի քանի անգամ ասում է՝ «խաղաղություն ամենեցուն»: Խաղաղություն, այսինքն՝ հաշտություն Աստծո հետ, հաշտություն եղբորդ հետ, ամբողջականություն, բժշկություն, կարգ ու ներդաշնակություն: Իսկ «խաղաղություն ամենեցուն» աղոթքը նշանակում է՝ «Աստծո ամբողջական շնորհը լինի ներկաների վրա»:

Երբ մարդիկ գալիս են «պատարագի»՝ մտքում չունենալով որեւէ հաշտություն եւ հակառակը՝ գալիս են՝ ինչ-որ մեկի (կարեւոր չէ, թե ում՝ կաթողիկոսի՞, թե՞ եկեղեցու պահակի) հանդեպ իրենց ատելությունը ցուցադրելու, որպեսզի «շեֆն» ուրախանա այդ ցուցադրությամբ, դա արդեն Պատարագ չէ:

…Բացառված չէ, որ Փաշինյանն իր եպիսկոպոսների եւ ԱԱԾ-ի միջոցով պարտադրի, որ Պատարագի ժամանակ «խաղաղություն ամենեցուն» բառերի փոխարեն ասեն՝ «պատերազմ ամենեցուն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031