Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Ժիրայրը՝ խորանում հաղորդություն բաժանելու փոխարեն հեռախոսով զրուցելու ու Գարեգին Բ-ի փոխարեն Առաքել սրբազանին հնազանդվելու մասին

Հունվար 12,2026 14:20 Share

-Համաձայն չեմ, որ դրսից մարդ են բերում եկեղեցին բարենորոգելու, 10 եպիսկոպոսներն իրենք են միացել՝ ինչ-որ բանից ելնելով, – Aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի թեմի քահանաներից Ժիրայր Խաչատրյանն այսպես կցկտուր բացատրում է Նիկոլ Փաշինյանի «եկեղեցին բարենորոգելու» նախաձեռնությանը իր ու մի խումբ հոգեւորականների միանալու որոշումը՝ չհամաձայնելով քննադատությանը, թե եկեղեցին բարենորոգված տեսնելու ցանկություն ունեցող հոգեւորականները աշխարհիկ, մեղավոր մարդկանցով են եկեղեցին փորձում «բարենորոգել»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ եկեղեցու ներսում իրենց խնդիրները չլուծեցին տեր Ժիրայր քահանան պատասխանեց. «Երանի այդպես լիներ, սրան չհասներ»:

Մեր հարցին՝ իսկ ինչը խանգարեց, քահանան չկարողացավ պատասխանել. «Ի՞նչ իմանամ, հարցեր եք տալիս, որոնք պետք է բարձրաստիճան եպիսկոպոսներին տաք, ես տեղեկացված չեմ»:

Օրեր առաջ էր, որ Ժիրայր քահանա Խաչատրյանը facebook-ում հայտարարությամբ հանդես եկավ, որ միանում է առաջնորդին՝ Առաքել սրբազանի եւ մյուս եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցին բարենորոգելու «արդար պահանջին»: Մենք Ժիրայր քահանայից հետաքրքվեցինք՝ իր նշած «արդար պահանջով» մի խումբ եպիսկոպոսներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ինքը, որ միացել է այդ պահանջին, ինչո՞ւ է համարում, որ կաթողիկոսը պետք է հեռանա, ի պատասխան ասաց. «Անկեղծ ասած՝ եկեղեցու ներսում խնդիրներ կան, եպիսկոպոսներն իրենց մեջ պետք է լուծեն: Ես միացել եմ իմ առաջնորդին, այդ հարցերին ճիշտ չեմ համարում, որ ինքս պատասխանեմ: Սուրբ գիրքն ասում է՝ հնազանդ եղեք ձեր առաջնորդներին, ուստի ես դրանից ավել կամ պակաս չէի կարող անել»:

Մեր հարցին, իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեր առաջնորդը չէ՞ր, որ Սուրբ գրքի համաձայն հնազանդեիք, ի պատասխան ասաց. «Փաստացի իմ առաջնորդը Առաքել սրբազանն է: Ես չգիտեմ՝ այդ հարցերն ինչու եք տալիս, ինչ որ կա, արդեն կա, ես ավելացնելու կամ պակասեցնելու բան չունեմ»:

Մեր հարցին, իսկ բարոյական ու ճիշտ համարո՞ւմ է եկեղեցու բարենորոգումն այն բարձրաստիճան հոգեւորականներով, որոնք տարբեր տարիների մեղադրվել են աշխարհիկ կյանքով ապրելու եւ տարբեր այլ մեղքերի մեջ, ինչպես նաեւ կուսակրոն լինելու ու զավակ ու կին ունենալու մեջ: Ի պատասխան ասաց. «Այդ վերագրվելը մի կողմ է, փաստերը՝ մի կողմ: Ես չեմ կարող նրանց անձնական կյանքի վերաբերյալ նման հարցերի պատասխանել, լսել եմ, բայց վստահ չեմ, չեմ կարող վստահ խոսել: Խնդրում եմ՝ այսքանով մեր զրույցն ավարտենք»:

Տեր Ժիրայրը վերջում մեկնաբանեց նաեւ համացանցում հայտնված իր լուսանկարը, տեսագրությունը, որտեղ ինքը պատարագի ժամանակ խորանում հեռախոսով է զրուցում, իսկ հաղորդություն ստանալու համար հավատացյալները հերթի մեջ իրեն են սպասում: Մեր հարցին՝ անլուրջ վերաբերմունք չէ՞ր իր կողմից Աստծո ներկայության մեջ ծառայությունն իրականացնելու փոխարեն հեռախոսով խոսելը, ի պատասխան ասաց. «Ես ընտանեկան խնդիր եմ ունեցել, դրա հետ կապված բան է եղել, անխուսափելի էր, հեռախոսազանգին մի պահ պատասխանել եմ: Կնոջս առողջության հարցի հետ էր կապված: Ուղղակի առիթը եղավ, օգտագործեցին, ես էլ ասում եմ՝ Աստված օրհնի բոլորին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031