Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի համահայկական ճամբար-մրցաշարն ամփոփեց 5-րդ մրցաշրջանը

Նոյեմբեր 04,2025 16:13

Շախմատի համահայկական 5-րդ ճամբար-մրցաշարը ամփոփեց իր հոբելյանական մրցաշրջանը նոյեմբերի 2-ին՝ առցանց հանդիսավոր արարողությամբ։ Ճամբար-մրցաշարն անցկացվեց առցանց հոկտեմբերի 6-ից 31-ը։ Առցանց մրցաշարին նախորդեց երկշաբաթյա ճամբարը, որի ընթացքում  կազմակերպվեցին վարպետաց տեսադասեր, շախմատային խաղերի վերլուծություն և միաժամանակյա խաղեր Հայաստանի առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ փոխնախագահ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի սոցիալական հանձնաժողովի նախագահ Անդրե Վյոգտլինը, աշխարհահռչակ գրոսմայստեր Արթուր Յուսուպովը, հայազգի շախմատի չեմպիոններ և գրոսմայստերներ, ինչպես նաև մրցաշարի մասնակիցները։

Շախմատի համահայկական 5-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց 8-18 տարեկան 76 հայ պատանիների 19 երկրից։ Շախմատի մրցաշարն անցկացվեց արագ շախմատի շվեյցարական մրցակարգով։ Մասնակիցները մրցեցին 3 պատվավոր տեղերի համար։

Մրցաշարի հաղթողների անունները հայտարարվեցին փակման արարողության ընթացքում․

  • առաջին մրցանակակիր՝ Շահան Մովսիսյան Սայիդ, 14 տ., Սաուդյան Արաբիա
  • երկրորդ մրցանակակիր՝ Ալեն Ավագյան, 15 տ․, Հայաստան
  • երրորդ մրցանակակիր՝ Սաղաթել Թադևոսյան, 11 տ․, Հայաստան

Լավագույն աղջիկ մասնակից մրցանակին արժանացավ Հայաստանից Սիրվարդ Դավթյանը , 9 տ., իսկ մինչև 10 տարեկան լավագույն մասնակից մրցանակը ստացավ Հայաստանից 9-ամյա Սոֆիա Բաղրամյանը:

Բոլոր հաղթողները ստացան վկայականներ և մրցանակներ։

Իր բացման խոսքում, ՀԲԸՄ փոխնախագահ և ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ  դոկտ․ Երվանդ Զորյանը նշեց, որ կրթությունը և զարգացած, բանիմաց ու մրցունակ երիտասարդների պատրաստումը միշտ եղել և մնում է ՀԲԸՄ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը:  Այդ նպատակին է ծառայում նաև արդեն 5-րդ տարին անցկացվող Շախմատի համահայկական առցանց ճամբար-մրցաշարը, և դրա հիման վրա ստեղծված ՀՎՀ-ի շախմատի համահայկական համայնքը, որը միավորում է 1300 շախմատասերների ավելի քան 50 երկրից:  «Այդ նախաձեռնությունների նպատակն է  անհատների համար ստեղծել ոչ միայն կրթվելու, մասնագետներից սովորելու և շախմատային նորություններ իմանալու,  այլև միմյանց հետ կապ հաստատելու և հաղորդակցվելու հնարավորություններ»,-ասաց դոկտ․ Զորյանը։

Ողջունելով ճամբար-մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց. «Ուրախ եմ, որ այս հինգ տարիների ընթացքում ՀՎՀ-ն ու Հայաստանի շախմատի ակադեմիան իրենց ներդրումն են ունենում մեր համայնքներին և մեր պատանի շախմատիստներին, գալիք սերնդին օգտակար լինելու գործում»։

«Մաղթում եմ այս միջոցառմանը մեծ հաջողություն։ Կարծում եմ՝ դուք մեծ ներդրում եք կատարում ոչ միայն հայկական շախմատի, այլև աշխարհի շախմատի զարգացման գործում», -ասաց պատվավոր հյուր Արթուր Յուսուպովը:

Միջոցառման կազմակերպիչները մասնակիցների համար պատրաստել էին անակնկալ՝ բլից խաղ հայ շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց քառակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանի և կանանց միջազգային վարպետ, գրոսմայստեր Աննա Սարգսյանի միջև:

Փակման արարողության վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել խաղ-վիկտորինայի՝ շահելով մրցանակներ։

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ 2020թ․ մեկնարկած Շախմատի համահայկական ճամբար-մրցաշարը հինգերորդ տարին անընդմեջ համախմբեց շախմատասեր հայ պատանիներին ամբողջ աշխարհից՝ նպաստելով շախմատ խաղի կրթության զարգացմանը և տարածմանը՝ ընդլայնելով աշխարհասփյուռ այս համայնքի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։

Դիտեք Շախմատի համահայկական առցանց ճամբար-մրցաշարի մասին պատմող տեսանյութն այստեղ։

Դիտեք Շախմատի համահայկական 5-րդ ճամբար-մրցաշարի փակման արարողության տեսագրությունն այստեղ։

ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) 2009 թվականին հիմնադրված էլեկտրոնային ուսուցման առաջատար հայագիտական հաստատություն է, որը նպաստում է հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը նոր կրթական տեխնոլոգիաների միջոցով: ՀՎՀ-ի մուլտիմեդիա առցանց դասընթացները, հավատարմագրված կրթական ծրագրերը, ինտերակտիվ էլեկտրոնային գրքերը և վիրտուալ միջոցառումներըբաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ում հասանելի չեն հայկական ավանդական դեմառդեմ կրթական ծրագրերը, միաժամանակ հարստացնելով առկա ուսումնական ծրագիրը։ ՀՎՀ-ն ստեղծել է վիրտուալ կրթական համայնք, որը խթանում է մշակութային կրթությունը և սոցիալական կապերն ամբողջ աշխարհում:

ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել՝ www.avc-agbu.org։

ՀԲԸՄ ՀՎՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930