Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրում եմ աշխատել ոգեւորված մարդկանց հետ. Երեւանում է ֆրանսագիր հայտնի դրամատուրգ Մատեի Վիշնիեկը

Նոյեմբեր 03,2025 13:39

«Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի ծրագիրն այս անգամ նվիրված է ֆրանսագիր կարկառուն դրամատուրգ Մատեի Վիշնիեկին, որը ժամանել է Ֆրանսիայից: Նա ունի ռումինական ծագում: Բավականին երկար ժամանակ որոշել էինք Վիշնիեկի թատերգերը ներկայացնել հայ հանդիսատեսին, հայ ընթերցողին եւ հայ թատերասեր ու թատերական միջավայրին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի համահիմնադիր Լուսինե Աբգարյանը:

Լուսինե Աբգարյան

Նա ասաց, որ արդեն քանի տարի՝ նախագիծն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ: Հավելեց, որ ծրագիրը հագեցած է, երեւանյան տարբեր հարթակներում կկայանան մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Վիշնիեկի 5 թատերգերի շնորհանդեսը, այնուհետեւ ռումինական թատրոններից մեկին կհյուրընկալեն, որը կներկայացնի «Կինը մարտադաշտ» ներկայացումը՝ ըստ Վիշնիեկի: Ի թիվս այլնի, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում նախատեսված է նաեւ դրամատուրգի հետ հանդիպում:

Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի համահիմնադիր Անի Ջանիկյանի խոսքով, ծրագրում միշտ բաղադրիչ է լինում մարզերի հետ կապված, այս անգամ կենտրոնացել են Երեւանի վրա. Գյումրիի Մտորումների թատրոնը Երեւանում կներկայացնի ռումինացի ֆրանսագիր դրամատուրգի գործերից մեկի հիման վրա բեմադրված ներկայացում:

Մատեի Վիշնիեկ

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ որպես թատերական գործիչ: Բազմաթիվ հայ ընկերներ եւ ծանոթներ ունեմ, Ռումինիայում ստեղծագործելու ընթացքում եմ ծանոթացել հայ գրողների հետ: Հայաստանը մեծ քաղաքակրթություն է, որն ի սկզբանե եղել է քրիստոնեական քաղաքակրթություն, այժմ դարձել է համամարդկային քաղաքակրթություն եւ աշխարհին տվել է շատ տարբեր անուններ:

Ինչ վերաբերում է իմ թատերգերի թարգմանությանը, ես շատ ուրախ եմ հանդիպել թարգմանիչներին: Ես շատ սիրում եմ աշխատել ոգեւորված մարդկանց հետ: Ուրախ եմ, որ Ֆրանկոֆոնիայի շնորհիվ կայանում են տարբեր հանդիպումներ, որովհետեւ կա դեմոկրատիա, միմյանց լսելու եւ հասկանալու ձգտում»,-ասաց Վիշնիեկը:

Էրիկ Պոպպ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի գրասենյակի ղեկավար Էրիկ Պոպպն էլ նշեց, որ 7-րդ անգամ են Հայաստանում տեղի ունենում թատերական հանդիպումները, իսկ ինքն արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է նախագծի բացմանը: Ընդգծեց, որ իրեն դուր է եկել այն հանգամանքը, որ նախագիծն իր մեջ կրում է մեծ բազմազանություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930