Դավիթ Հարությունյանը պահանջում է վերացնել իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը և վերականգնել իրեն դատավորի պաշտոնում, այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դավիթ Հարությունյանից:
ԲԴԽ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է ՍԴ որոշումը, որով երկրորդ անգամ Բարձր դատարանն արձանագրել է Դավիթ Հարությունյանի իրավունքների խախտումները:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Մասնավորապես, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։
Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրեմն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։
Կարդացեք նաև
Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատին առաջնահերթության կարգ էր տրվել:
Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, սակայն անգամ ՍԴ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումն արձանագրելուց հետո ԲԴԽ-ն մերժել է գործի վերանայման պահանջով դատավորի դիմումը, ավելին, թեև ՍԴ-ն արձանագրել էր լսված լինելու իրավունքի խախտումը, ԲԴԽ-ն վերանայման դիմումը քննել է գրավոր ընթացակարգով՝ կրկին առանց դատավորի մասնակցության։ Փաստացի ստեղծվել էր իրավիճակ, որ ԲԴԽ-ն ուղղակիորեն հրաժարվել է կատարել Բարձր դատարանի որոշումը` փաստացի հրաժարվելով վերացնել դատավորի իրավունքների խախտումը։ Այս որոշումից հետո դատավորը երկրորդ անհատական դիմումն է ներկայացրել ՍԴ, որի վերաբերյալ 2025թ.հուլիսին ՍԴ-ն դիրքորոշում է հայտնել` արձանագրելով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































