«Իմ ունեցած տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտվանից վարույթ էր սկսել՝ հասկանալու համար, թե արդյոք համատեղելի են փեսա-աներ, քաղաքապետ-փոխքաղաքապետ հարաբերությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելուց հետո քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ մինչ որոշման կայացումը քաղաքապետի առաջին տեղակալը դառնում է ժամանակավոր պաշտոնակատար։ «Դեռ այդ գործընթացն է՝ համատեղելի՞ է, թե՞ համատեղելի չէ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը առաջին տեղակալն է»,- նշեց Առուշանյանը։
Նշենք, որ քաղաքապետի առաջին տեղակալը Վարդան Ղուկասյանի փեսան է։
Հարցին, թե ՔՊ-ն նպատակ դրե՞լ է Գյումրիում ամեն գնով իշխանությունը վերցնել, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Դեժավյու է մոտս, այդ նույն բանը լրագրողները հարցնում էին 2024 թվականին, վերցրեցի՞նք իշխանությունը, չվերցրեցինք։ Եթե ասում եք՝ ամեն գնով վերցնել, ամեն գնովը նշանակում է վերցնել, մենք նման գործելաոճ չունենք՝ ամեն գնով իշխանությունը վերցնելու։ Իշխանություն վերցնելու մեկ ուղի գիտենք մենք՝ դա լեգիտիմ ընտրություններն են, որեւէ այլ ձեւ իշխանություն վերցնելու մենք չգիտենք։ Լսել ենք, բայց չենք օգտագործում»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանի կուսակցության ավագանու ցուցակը մեծ է, եթե որեւէ մեկին իրավապահ մարմինները հրավիրում են ինչ-որ խնդիրներ պարզելու, եթե մեկը մանդատը վայր է դնում, հաջորդն է վերցնում։ «Դա գործընթաց է, որն իր հունով գնում է, իրենք իրենց ներկուսակցական խնդիրներն են լուծում։ Մեծամասնություն կազմելու նպատակ չկա այնտեղ, ոչ նպատակ կա, ոչ էլ պատկերացում, թե ինչ ձեւով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետեւ իրենց ավագանիները հերթով գալիս՝ իրենք իրենց քանակը լրացնում են։ Այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են, եւ պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որեւիցե ուժ չկա, մարդիկ իրենց աշխատանքն են անում։ Առաջին տեղակալն իր տեղում է, իր աշխատանքն ու լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ։ Քաղաքապետարանն իր բնականոն հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է»,- նշեց նա։
Անդրադառնալով այն տեսակետներին, որ 2026-ի ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են չեզոքացնել ընդդիմադիր համայնքապետերին՝ Շիրակի մարզպետն ասաց․ «Իրավապահ համակարգը գործում է ոչ նախընտրական սկզբունքներով ու մոտեցումներով, իրավապահ համակարգն անում է իր աշխատանքը։ Իր համար մեկ է, թե նախընտրական պրոցեսների կամ ընտրությունների վրա դա ինչքանով է ազդելու։ Եթե որեւիցե մեկն օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է այդ խախտման հետեւից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել»։
Շիրակի մարզպետն անդրադարձավ նաեւ ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ երկրում 37 թիվն է։ «Ես 37 թիվը չէ, 2012 թվականը կբերեմ օրինակ։ 2012 թվականին Վարդան Ղուկասյանը ընտրված քաղաքապետ լինելով հրաժարականի դիմում գրեց, դուրս եկավ։ 2012-ին էլի եղան քաղաքապետի ընտրություններ, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններին։ Էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի հանդեպ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին 4 մեր համաքաղաքացիները եւ վիրավորվեցին ու կարելի է ասել՝ կես մարդ դարձան մարդիկ, որոնք մեքենայի մեջ էին եղել։ 37 թիվը 2025-ն է, թե՞ 2012-ը»,- նշեց Առուշանյանը։
«Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ իրենք լիազորություններ ունեն, մասնակցում են ընտրություններին, հաղթում են, միավորում են իրար բոլոր ընդդիմադիրները, որեւիցե մեկի հետ որեւիցե խնդիր չի պատահում։ Հիմա մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ որ մեր համայնքի ղեկավարների 1/3–ը, եթե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղե՞լ է նախկինում երբեւիցե նման բան, չեմ կարծում, որ եղել է, ես չեմ մտաբերում։ Եկեք անկեղծ լինենք՝ այն խոսքի ազատությունը, որը ՀՀ-ում կա եւ որը շատ դեպքերում խոսքի ազատություն չէ, լկտիություն է, մեծբերանություն է, անդաստիարակություն է, երբեւիցե չի եղել Հայաստանում»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































