«Նայած, թե ինչի հաշվին է հոսանքի գինը իջնում։ ՀՀ-ում իրականացվող ցանկացած փոփոխություն լինում է ինչ-որ բանի հաշվին։ Եթե մենք շարունակենք կառուցել 500 կմ-ի փոխարեն 1000 կմ ճանապարհ, դա մեծ հավանականությամբ կլինի դպրոցական ծրագրի շարունակության հաշվին։ Եթե էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը ենթադրում է դա իրականացնել ենթակառուցվածքներն ավելի մաշելու հաշվին կամ ենթակառուցվածքների զարգացումն արգելափակելու հաշվին, ապա դա այլ հարց է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Տաշիր ընկերությունների փոխնախագահ, «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի առաջարկին։
Խուդաթյանն ասաց, որ վերջին ամիսներին նախարարությունը համալրել են բանիմաց կադրերով, որոնք անխափան իրականացնում են ՀՀ էներգետիկ ոլորտի աշխատանքի համակարգումը։
Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ գործարաններ չեն կառուցում։ «Գործարաններ կառուցելու լիազորություններ մեր նախարարությունը չունի եւ չի ունեցել։ Հայաստանի պատմության որեւէ ժամանակահատվածում ՏԿԵ նախարարությունը գործարան չի կառուցել, այլապես այս նախարարությունը կլիներ տարածքային կառավարման եւ գործարանաշինության նախարարություն»,- ասաց նա՝ հավելելով, որ զարմանք է ապրում, երբ քննադատում են իրենց՝ ճանապարհաշինության ու դպրոցաշինության ծրագրերը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































