«Հրապարակի» զրուցակիցը «Նժար» շարժման հիմնադիր, շարժման վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է:
– Թեպետ պաշտոնական քարոզարշավի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքական ուժերը սկսել են նախընտրական` ոչ պաշտոնական քարոզչությունը, վերադասավորումներ են ընթանում, ինչ-որ ուժեր են իրար միանում, խոստումներ են հնչում եւ այլն: Այժմ ինչո՞վ է զբաղվում Ձեր «Նժար»-ը:
– Դեռ շատ շուտ է խոսել հստակեցումների եւ վերջնական վերադասավորումների մասին: Ենթադրում եմ, որ լինելու են անսպասելի հայտարարություններ, ինչպես, օրինակ, շատ անսպասելի լսեցինք Թաթոյան-Շանթ Հարությունյան միավորման մասին: Նման տարբեր ընթացքների մենք դեռ ականատես ենք լինելու: Մենք շարունակում ենք հիմա ինտենսիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ նախաձեռնությունների հետ: Անուններ այժմ կխուսափեմ տալ, քանի որ այս պրոցեսը սիրում է լռություն, հանգստություն: Երբ լինեն վերջնական համաձայնություններ, անպայման հանրությունն այդ մասին կտեղեկանա:
– Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ երբեւէ չեք համակրել Ռուսաստանին, սակայն Ձեր խոսքից այժմ տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական ուղղվածությունը Ձեզ համար հիմա այնքան էլ էական չէ, եւ պատրաստ եք միանալ բոլոր այն ուժերի հետ, որոնք քիչ թե շատ պոտենցիալ ունեն… հնարավո՞ր է միավորվեք մի ուժի հետ, որը կլինի ռուսամետ:
Կարդացեք նաև
– Այս պահին Հայաստանն այն աստիճան ծայրահեղ ծանր իրավիճակում է գտնվում, որ մենք՝ բոլորս, մեր հայացքները մի պահ պետք է կողքի դնենք, կողքի պետք է դնենք նաեւ կուսակցական եւ աշխարհաքաղաքական նախասիրությունները: Պետք է փնտրել տարբերակ՝ Հայաստանն այս վիճակից հանելու, լավագույնս հանելու համար: Ես իմ տեսակով լիբերալ եմ, արեւմտամետ, սակայն այս պահին գտնում եմ, որ մեզ բաժանող բոլոր տեսակի տարաձայնությունները պետք է մի կողմ դնենք եւ փորձենք գտնել Հայաստանի համար լավագույն լուծումները: Եթե մենք նորից պայքարենք իրար դեմ, ոչ մի արդյունքի չենք հասնի: Ոչ մի պրոդուկտ չենք ստեղծի:
– «Նժար»-ի վարչապետի թեկնածուն Դուք եք: Ինչպե՞ս որոշվեց դա:
– Այո, թիմն իմ թեկնածությունն է առաջադրել, այն տրամաբանությամբ, որ ես անկուսակցական եմ, եւ իմ անցած ճանապարհը թույլ չի տա թիրախավորել ինձ եւ մեծ տարաձայնությունների մեջ մտնել: Կուսակցությունները երբ միանում են, անպայման վեճ է սկսվում, թե ով պետք է լինի առաջնորդը, որ կուսակցությունից: Իրար հարցնում են` ինչո՞ւ հենց ձեր կուսակցությունից, եթե ոչ մեր, եւ այստեղից վեճ է ծագում, ու սկսում են իրար չվստահել: Իմ թեկնածությունը հատուկ են առաջարկել, որ այս թեման փակվի: Ասեմ, որ պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներ չունեմ, վարչապետ դառնալը չի եղել իմ մանկության երազանքը, ես շատ ավելի հետաքրքիր զբաղմունքներ ունեմ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































