Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր մեղադրյալներից Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը շարունակեց նախորդ նիստում սկսած ու անավարտ մնացած իր միջնորդությունը:
Այն վերաբերում էր գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն եւ քրեական վարույթը կարճելուն: Պաշտպանը որպես վարույթը բացառող հիմք ներկայացրեց մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված անձի հիմնական իրավունքների սահմանափակման դեպքերը: Նա վկայակոչեց նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանությունն այս հոդվածին:
Պաշտպանը հիշեցրեց, որ այս քրեական գործը հարուցվել է այն բանից հետո երբ 2024 թվականի ապրիլին Կիրանցում ՀՀ-Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացներին ի պատասխան ՀՀ վերահսկողությամբ գտնվող մի շարք տարածքներ նշել են ադրբեջանական ու հանձնվել Ադրբեջանին: Ինչից հետո Բագրատ սրբազանը գլխավորել ու նախաձեռնել է խաղաղ բողոքի ցույցեր, որոնք հետագայում հայտնի են դարձել որպես «սրբազան պայքար»:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի՝ 2024-ի ապրիլ-հունիսին խաղաղ ցույցերը ուղեկցվել են անօրինական ձերբակալություններով ու ոստիկանական բռնություններով:
-Այս քրեական գործն ամբողջությամբ նախաձեռնման պահից ունեցել է շարժման ակտիվ մասնակիցներին քաղաքական պրոցեսներից մեկուսացնելու նպատակ: Սա ապացուցում է նաեւ հունիսի 24-ին վարչապետի facebook-յան էջում ՔՊ-ին պատկանող civic.am կայքի հրապարակման տարածումը, որտեղ ներկայացված էր շարժմանը վերագրվող հեղափոխության պլանը…հրապարակվել են կոնտեքստից կտրված ու մոնտաժված խոսակցությունների ձայնագրություններ, որոնք ներկայացվել են որպես տեսակով եզակի ու անփոխարինելի նշանակության ապացույցներ: Ավելի ուշ քննչական կոմիտեի նախագահն ու գլխավոր դատախազը հանրային եթերով անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով կատարել են գործի վերաբերյալ պնդումներ, որոնք չեն բխում գործի նյութերից ու սպասարկում են իշխող ուժի քարոզչությանը,- ասաց փաստաբանը:
-Գործը դատարան է բերվել քաղաքական խիստ ինտենսիվ միջամտությամբ ու կեղծ ապացույցներով,- հավելեց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Դատարանը գտավ, որ այս փուլում այս միջնորդության վերաբերյալ չի կարող որոշում ընդունել, քանի որ դեռեւս ապացույցները հետազոտված չեն: Նիստը նախագահողը շեշտեց՝ այդ թվում պաշտպանի կողմից նշվող կեղծ ձայնագրությունները դեռ չեն հետազոտվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































 
                        
 
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   