Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնության հերթական օրը զարդարեցին հայաստանցի երիտասարդ ծանրորդներ, 70 կգ քաշայիններ Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը:
Պատվո պատվանդանի ամենաբարձր տեղերի համար պայքարը ծավալվեց հենց նրանց մեջ: Երրորդ տեղն զբաղեցրեց Թուրքիայի ներկայացուցիչը: Հետաքրքրական է, որ հրում վարժությունում մեր տղաներին մի պահ փորձեց ձեռնոց նետել ադրբեջանցի մարզիկը, սակայն նա բառիս բուն իմաստով հայտնվեց ծանրաձողի տակ:
Տիգրան Կարապետյանը մաքուր կատարեց իր բոլոր վեց մոտեցումները: Ի վերջո, նա պոկում վարժությունում ցույց տվեց 145 կգ, հրումում՝ 176 կգ եւ երկամարտի 321 կգ արդյունքով նվաճեց բոլոր երեք՝ թե մեծ, թե երկու փոքր ոսկե մեդալները ու նաեւ սահմանեց պոկում, հրում վարժությունների եւ երկամարտի Եվրոպայի երիտասարդների երեք ռեկորդ:
Կարդացեք նաև
Նարեկ Գրիգորյանը 143+175=318 կգ-ով արժանացավ բոլոր արծաթե մեդալներին: Ընդ որում, նրա կիլոգրամները նույնպես գերազանցեցին Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































