«Գնալու եմ։ Գնալու եմ նաեւ նրա համար, որովհետեւ առիթ ունեցա մի քանի տուն մտնելու եւ խոսելու գյուղաբնակ մեր բարեկամների հետ եւ հասկացել եմ, որ պետք չէ համայնքին միայնակ թողնել անարդարության հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ եկող կիրակի օրը նույնպե՞ս գնալու է Հովհաննավանք, որտեղ կարգալույծ քահանան կրկին «պատարագ» է մատուցելու, Նիկոլ Փաշինյանն էլ դարձյալ ներկա է գտնվելու։
Բացի այդ, նաեւ անցած կիրակի օրվա «բազմամարդությունն» է նրան ստիպում Ստեփան Ասատրյանի կողքին կանգնել։
Բազմամարդության առումով լրագրողների տարակուսանքին էլ պատասխանեց․ «Ամբողջ տարածքը լիքն էր մարդկանցով, չեմ հաշվել ու հավաքը դրա համար չէր, միտինգ չէր, որ հաշվեինք»։
Հիշեցնենք, նախորդ կիրակի օրը Անահիտ Ավանեսյանը Հովհաննավանքում էր։
Կարդացեք նաև
Ասաց՝ կեղծ են տեղեկությունները, որ ինքը ՀԱԵ հետեւորդ չի․ «Ես մկրտված եմ եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ»։ Իսկ ամուսնու հետ տարբեր կրոնական հայացքները իրենց չեն խանգարում, համերաշխ ապրում են։
Անահիտ Ավանեսյանը չի ընդունում Ստեփան Ասատրյանի կարգալույծ լինելու փաստը, քանի որ հենց Ստեփան Ասատրյանը դա չի ընդունում։
Ավելին, Անահիտ Ավանեսյանը հակընդդեմ հարցեր է հնչեցնում՝ երկրորդելով Նիկոլ Փաշինյանին․ «Այն հարցերը, որ ուղղվել են Կաթողիկոսին, պատասխաններ ստացե՞լ են։ Այդ հարցերը նրան կարգալույծ անելու հիմք են»։
Ինքը «Վեհարանն առանց Վեհափառի» Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարին մասնակցելու է՝ մինչեւ վերջ։
Այս ամենով հանդերձ նա պնդում է՝ չկա եկեղեցի-իշխանություն հակամարտություն։
«Հայաստանի ժողովուրդը կեղծիք եւ փարիսեցիություն չի ցանկանում ընդունել, չի կարելի չլսել ժողովրդին, թող եկեղեցական սպասավորները հետեւեն եկեղեցական կանոնակարգին։ ՀՀ քաղաքացիներն ուզում են ապրել ազնիվ փոխհարաբերությունների շրջանակում»,- հայտարարեց իշխանության ներկայացուցիչը, որը իշխանության գալով խոստանում էր՝ «Արցախը Հայաստան է», «Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա», հզոր բանակ եւ այլն։
Այլընտրանքային տեսակետ հայտնած քաղաքացուն Հովհաննավանքից բերանը փակելով եւ բռնի դուրս հանելու դրվագով էլ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Մարդը պրովոկացիա էր իրականացնում»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
                         
                                    
 
                                    
                                   