Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ես արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»․ Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 30,2025 16:27

«Սա վկայություն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք եւ առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով։ Եվ ես առիթն օգտագործելով՝ կոչ կանեմ մյուս կուսակցություններին հետեւել այս բացառիկ օրինակին։ Մենք սրանով նաեւ կատարում ենք Ընտրական օրենսգրքի պահանջը, որովհետեւ առնվազն ցուցակների առաջին 30 համարները պետք է ընտրվեն կուսակցությունների համաժողովների գերագույն մարմնի կողմից։ Եվ մենք պատրաստվում ենք թեկնածուներին գրանցելուց հետո դնել քվեարկության մեր համաժողովին, ինչպես մենք կատարեցինք մեր վարչության ընտրությունների ժամանակ։ Եվ մեր կուսակցության պատվիրակներն են որոշելու, թե առնվազն առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում։ Եվ սա ժողովրդավարության ուղղակի դրսեւորում է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ վարչության անդամ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՔՊ հայտարարությանը, որ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուներն արդեն կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։

Նա ասաց, որ վատ բան չի տեսնում նրանում, որ ունենան նոր կադրեր։ Բայց կա նաեւ մեկ պայման, որ եթե նրանք կուսակցության անդամ չեն, ապա պետք է ունենան կուսակցության վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորությունը։

ՔՊ հայտարարության մեջ նշված է, որ գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով է սահմանվել գումարի այս չափը, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Շատ պարզ հաշվարկով, որովհետեւ մենք ունենք նաեւ անդամավճարի ինստիտուտ, որովհետեւ մեր կուսակցությունը հենված է ոչ թե որոշ օլիգարխների վրա, ինչպես շատ այլ կուսակցություններ, այլ մեր անդամավճարների վրա։ Եվ մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձերից ստացած եկամուտների 3 տոկոսը վճարում ենք կուսակցության բյուջե։ Եվ այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը 5 տարվա ընթացքում մոտավորապես 1 մլն դրամ է կազմում։ Պարզապես ուզում ենք, որ արդարություն լինի, որպեսզի ոչ կուսակցական պատգամավորը նույնպես մասնակցի կուսակցության ծախսերի ապահովմանը»։

Անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունների հնարավորություն տեսնո՞ւմ է, Թորոսյանն ասաց․ «Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, չեմ տեսել երբեք վերջին ընտրություններից հետո։ Կարծում եմ, որ մենք ընտրական ցիկլերը պետք է փակենք այնպես, ինչպես նախատեսված է օրենքով։ Արտահերթ ընտրությունները սովորաբար արտակարգ իրավիճակներում են տեղի ունենում, ինչպես նախորդ երկու արտահերթ ընտրությունները։ Ես հիմա չեմ տեսնում արտակարգ իրավիճակ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ շատ տրամաբանական է, որ ՔՊ-ն արդեն պատրաստվում է ընտրություններին․ «Հերթական ընտրություններն են, եւ շատ տրամաբանական է, մենք էլ պատրաստվում ենք հերթական ընտրություններին»։

Հարցին, թե մեծամասնություն ունենալու դեպքում վարչապետի թեկնածուն կրկին Նիկոլ Փաշինյա՞նն է լինելու, Թորոսյանը պատասխանեց․ «Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց դա էլ է որոշվելու համաժողովով։ Ցուցակի առաջին համարը նաեւ օրենքով է վարչապետի թեկնածուն, եւ այն դեպքում, երբ որեւէ կուսակցություն միանգամից հավաքում է 50+ ձայներ, ինչպես մենք հավաքեցինք 2021 թվականին, առաջին համարը նորից դառնում է վարչապետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արսեն Թորոսյանը նաեւ հայտարարեց․ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու։ Բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն, օրենքի գերիշխանություն, եւ օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Եթե խոսքը գնում է հանցագործության մեջ մեղադրվող որոշ ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են նաեւ գործող պաշտոնյաներին։ Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է տրվել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031