«2026 թվականին պետական բյուջեի նախագծում ունենք էական աճ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում՝ 87,4 մլրդ դրամով կամ 9,6 տոկոսով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ մասնավորապես կենսաթոշակային ապահովության բյուջեն 2025 թվականի համեմատ աճել է 30,5 մլրդ դրամով կամ 5,4 տոկոսով։ Սոցիալական ապահովության ծրագրի հատկացումն աճել է 17,4 մլրդ դրամով կամ 14,2 տոկոսով։ Ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրի հատկացումն աճել է 4,1 մլրդ դրամով կամ 5,1 տոկոսով։
«Ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57,1 տոկոսով։ Սա հենց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է, որի մեջ ներառված են թե բնակարանային ապահովումը եւ թե ընթացիկ աջակցությունները»,- ասաց նա։
Թորոսյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին։ Ասաց, որ այս ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամի շրջանակներում։ «Ես չեմ սիրում աննախադեպ բառը, որը հաճախ օգտագործվում է, բայց իրոք ծավալի իմաստով երբեւէ չի եղել այս չափի պետական ծրագիր։ Մենք նաեւ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ՝ փորձելու լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու շրջանակներում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ օգտվեն այս ծրագրից։ Եվ ուզում եմ ներկայացնել այսօրվա վիճակագրությունը՝ ծրագրի շրջանակներում արդեն հավաստագիր ստացել է 3202 ընտանիք՝ 12 826 անձ, որոնցից 1198 ընտանիք կամ 5242 անձ արդեն իրացրել են իրենց հավաստագրերը եւ բնակվում են իրենց սեփական տներում։ Իհարկե, մենք նաեւ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում եւ վերլուծում ենք, թե ինչպես կարող ենք ծրագիրն առավել բարելավել։ Օրինակ՝ հենց այսօր կառավարության նիստում որոշ փոփոխություններ արել ենք։ Սա կարեւոր է այն համատեքստում, որ հաճախ մեզ մեղադրում են, որ մենք չենք լսում մեր հայրենակիցների կողմից բարձրացված խնդիրները, ինչը հակառակն է ամբողջությամբ։ Այն, ինչ ես հիմա կարդում եմ, հենց իրենց հետ քննարկումների ու հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների լուծում է»,- ասաց Թորոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրին։ «Ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2232-ն արդեն վարկավորվել է, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքներն արդեն սկսել են շինարարական աշխատանքները։ Այս պահի դրությամբ 163 ընտանիք արդեն ունի ավարտական ակտ։ Որպեսզի պարզ լինի նաեւ աշխարհագրական բաշխվածությունը, ես ուզում եմ շեշտել, որ Գեղարքունիքում ունենք 108 շահառու, Արարատի մարզում՝ 145, Սյունիքում՝ 225, Վայոց ձորում՝ 306 եւ մեր չեմպիոն մարզը Տավուշն է՝ 1515 տնով»,- նշեց Թորոսյանը։
Նա ասաց, որ թեեւ ծրագիրն ավարտված է, այս պահին հայտեր չեն ընդունվում, բայց կառավարությունում քննարկվում է այն վերսկսելու հնարավորությունը, քանի որ, նախարարի խոսքով, այն մեծ ազդեցություն է թողնում ու մի քանի հարց է լուծում սահմանամերձ բնակավայրերի համար։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































