2026 թվականին Հայաստանում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք ոչ միայն հնարավորություն են քաղաքացիների համար արտահայտելու իրենց կամքը, այլ նաև պատասխանատվություն՝ ձևավորելու այն իշխանությունը, որը կղեկավարի պետությունը առաջիկա տարիներին։
Առաջիկա ընտրությունների մասին Aravot.am-ը իրականացրել է հարցում` պարզելու մեր համաքաղաքացիների կարծիքները, որոնք շատ տարբեր էին: Մի մասն անգամ տեղյակ չէր, թե ինչ է սպասվում, ոմանք էլ ասում էին. «Առջևում դեռ 8 ամիս կա, տեսնենք` ոնց կլինի: Ով արդար կլինի, նա էլ կանցնի»:
Մի մասն ավելի բացասական վերաբերմունք էր արտահայտում, նշելով` «լավ բան չկա, բոլորն իրենց աթոռի ու փողի համար են մտածում: Ստալին է պետք էս երկրին, դաժան», «ոչ մեկը ոչ մի բան չի անում ու չի անելու, մինչև ընտրությունները մի 200-250 հատ կուսակցություն կլինի», «ոչ մի լավ բան չեմ տեսնում, համերաշխություն պետք է լինի, որպեսզի մարդիկ կարողանան ինչ-որ բանի հասնել», «ներկայիս քաղաքական դաշտից ոչ մեկի չեմ ընտրի, որովհետև նրանց քաղաքական ծրագրերը հստակ չեն» և այլն:
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ, օրինակ՝ Արման Թաթոյանը, բավականին ժողովրդամետ քաղաքական գործիչ է, իր քաղաքական շարժման մեջ դրական նոտաներ է տեսնում:
Կարդացեք նաև
Ոմանք էլ արդեն ունեին հստակ դիրքորոշում կոնկրետ քաղաքական ուժերի կամ գործիչների նկատմամբ. «Գուրգեն Սիմոնյանին ենք ձայն տալու՝ անկախ ամեն ինչից, էս իշխանավորների անունները լսել չեմ ուզում», «Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է», «Ես գիտեմ, որ ՔՊ-ն հաղթելու է, որովհետև ահագին բան է արել, ինչը չեն արել էս 30 տարվա մեջ»:
Զրուցակիցներից մեկն էլ անդրադարձավ ներկայիս քաղաքական վիճակին՝ նշելով, թե ընդդիմադիր ուժերին բերման են ենթարկում ինչ-որ «կարած գործերով» և խորհուրդ տվեց ընդդիմադիրներին չգործել նախկին մեխանիզմներով, եթե ուզում են հաջողության հասնել և ազատվել «փաշինյանական լծից»:
Իսկ ոմանք էլ դեռ ոչ ոքի չեն համակրում. «Նենց ուժ է պետք, որ կարանա համախմբի ժողովրդին, իսկ տենց ուժ ես հլը չեմ տեսնում»:
Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ


















































