Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 3 ժամ տևած համերգը ներկաներին երիտասարդացրեց։ Շատերը մտքով հետ գնացին, երբ Ազնավուրի երգերը հնչում էին դեռևս ռադիոյով, սև-սպիտակ էկրան ունեցող հեռուստացույցներով

Հոկտեմբեր 30,2025 14:01

Հոկտեմբերի 29-ին Երևանում՝ «Թեքեյան մշակութային կենտրոն»-ի դահլիճում, տեղի ունեցավ բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ, երաժիշտ Պերճ Թյուրաբյանի «Ազնավուր 100» 3-րդ ալբոմի շնորհանդես համերգը։

«Ազնավուրը՝ հայերեն» խորագիրն էր կրում բացառիկ համերգը։ Ներկա էին Ազնավուրի երգերի սիրահարները, հյուրեր։

Մինչ համերգի սկսելը, դաշնակահար Արթուր Աբրահամյանը հնչեցնում էր ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Ազնավուրի երգերի երաժշտությունը՝ ազնավուրյան տրամադրություն ապահովելով դահլիճում։

Ներկաներին ողջունեց «Թեքեյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ Ասաց․ «Պերճ Թյուրաբյանի՝ «Թեքեյան կենտրոն»-ի հարկի տակ համերգ ունենալն արդեն ավանդույթ է դառնում՝ հատկապես Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ ձևաչափով։ «Ազնավուրը՝ հայերեն» այս նախաձեռնությունը, որն ամբողջապես Թյուրաբյանինն է, մենք դրա հերթական կայացմանն ենք ներկա այսօր։ Ձեռնարկը կարող ենք կոչել նաև «Պերճ Թյուրաբյան և ընկերներ», քանի որ եթե տարիներ առաջ այստեղ Պերճը համերգով հանդես եկավ երգչուհի Նաիրի Գասպարյանի հետ, ապա այսօր նրանց հետ են նաև դերասան և երգիչ Մխիթար Ավետիսյանը, երգիչ Դավիթ Աբրահամյանը, դաշնակահար Արթուր Աբրահամյանը»։

Ներածական խոսքով հանդես եկավ հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դանիել երաժիշտը։ Ասաց՝ ծանոթանալով երգացանկի բանաստեղծություններին, հիշել է Ազնավուրի խոսքը՝ «Նախ և առաջ ես բանաստեղծ եմ․․․ Եվ Ազնավուրը կարողացել է տեքստը տարրալուծել երգի մեջ»:

Անդրադառնալով Ազնավուրի «Դեռ երեկ» երգ-բանաստեղծությանը՝ ասաց՝ այժմ, երբ Պերճն ու իր ընկերները կսկսեն համերգը, մենք բոլորս կդառնանք 20 տարեկան։

Երգելուց առաջ Պ․ Թյուրաբյանը շնորհակալություն հայտնեց «Թեքեյան կենտրոն»-ի անձնակազմին, տնօրենին համերգն իրենց հարկի տակ կազմակերպելու համար։ «Մենք արդեն մի քանի համերգ ենք ունեցել այստեղ», -ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նաև Դանիել Երաժշտին ու իր ընկերներին, նշելով՝ հայերեն երգելու են Ազնավուրի կարևոր երգերը։

Մխիթար Ավետիսյանի կատարմամբ, Պ․ Թյուրաբյանի՝ կիթառի նվագակցությամբ «Դեռ երեկ» երգով էլ սկսվեց համերգը։

Նաիրի Գասպարյանն ու Պերճ Թյուրաբյանը միասին երգեցին, այնուհետև «Մաման» երգը հրաշալի կատարումով ներկայացրեց Նաիրին՝ Պերճի՝ կիթառի նվագակցությամբ։ Ու հնչեցին նաև «Բոհեմը», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր» ու այլ երգեր անհատական, միասին կատարումներով։ Որոշ երգեր հնչեցին առաջին անգամ։ Հուզիչ էր «Ավե Մարիա»-երգի կատարումը, որ այլ ազդեցություն թողեց դահլիճում։

Մոտ 3 ժամ տևած համերգը, հիրավի, ներկաներին երիտասարդացրեց։ Շատերը մտքով հետ գնացին, երբ Ազնավուրի երգերը հնչում էին դեռևս ռադիոյով, սև-սպիտակ էկրան ունեցող հեռուստացույցներով։

Համերգին ներկա էր նաև լոնդոնահայ բարերար Բագրատ Նազարյանը, որը հովանավորել է Պ․ Թյուրաբյանի ալբոմներից մեկի կայացումը։ Իր խոսքում Բ․ Նազարյանը շնորհավորեց հանդիսատեսին նման համերգի մասնակից լինելու համար, կարևորեց Թյուրաբյանի երգարվեստը։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031