Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան. «Մենք խնդիր չենք տեսնում, որ 2026 թվականի ընտրություններում մեր միասնական ցուցակը գլխավորի Արման Թաթոյանը»

Հոկտեմբեր 30,2025 13:18

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարել են համագործակցության մասին։

Տարածված հաղորդագրության մեջ նշված է. «Մենք կարեւոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը՝ հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձեւավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։

Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաեւ զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը եւ, որ ամենակարեւորն է, ուժերը համադրելու եւ միասնաբար հանդես գալու հրամայականը»։

Նորաստեղծ քաղաքական միավորի հետագա ծրագրերի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է «Շանթ դաշինք» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանի հետ։

– Թե «Միասնության թեւերի» հետ համագործակցություն հաստատելու համար ձեզ ինչն է միավորել, արդեն նշել եք տարածված հայտարարությունում։ Հետաքրքիր է իմանալ, թե միասին ինչ անելիքներ ունեք առաջիկայում։

– Մեկնարկային կետում հայտարարել ենք համագործակցության մեկնարկի մասին։ Դեռ ընդհանուր հայտարարի կգանք, եւ անելիքների մասին մնացածը հաջորդիվ կհայտարարենք։

– Նորաստեղծ դաշինքով պատրաստվո՞ւմ եք մասնակցել 2026 թվականի համապետական ընտրություններին։

– Քաղաքական համագործակցության հիմքում, բնականաբար, նաեւ այդ հարցն է դրված։ Եվ այդ մասին եւս հաջորդիվ մենք մանրամասն կխոսենք։ Բայց միտումը դեպի 2026 թվականի ընտրություններն է։

– Այդ դեպքում ասեք, խնդրեմ, վարչապետի միասնական թեկնածուի հարցում արդեն որոշում կա՞։ Դո՞ւք կլինեք, թե՞ Արման Թաթոյանը։ Թե՞ ձեզ համար դա էական չէ։

– Եթե սկսել ենք քաղաքական համագործակցություն, նախ եւ առաջ կարեւորում ենք երկրի առաջ ծառացած խնդիրները։ Ամբիցիաների հարցեր չկան։ Եվ եթե գնում ենք համագործակցության «Միասնության թեւերի» հետ, այս դեպքում ինչ-որ մեկը պետք է լինի վարչապետի թեկնածու։ Մենք խնդիր չենք տեսնում, որ Արման Թաթոյանը գլխավորի ցուցակը, որովհետեւ «Միասնության թեւերը» արդեն հայտարարել է իր մեկնարկի եւ վարչապետի թեկնածուի մասին, որից հետո ենք սկսել քաղաքական համագործակցությունը իրենց հետ։ Այսինքն՝ գոնե այդ մասով մենք խնդիր չունենք։

– Ձեր գլխավորած կուսակցության գաղափարախոսությունը Նժդեհի գաղափարախոսությունն է։ «Միասնության թեւերը» որքանո՞վ է այդ գաղափարախոսությունը կիսում։

– Ընդհանուրը նժդեհականությունն է՝ այն, ինչը հիմա հայ ժողովրդին շատ պետք է։ Մեր համար գաղափարախոսության հիմնասյունը Նժդեհն է եւ նժդեհականությունը։ Եվ համագործակցության այս մասով խնդրահարույց ոչ մի հարց չկա։ Ամեն ինչ նորմալ է։ Ընդհանրություններ ունենք։ Դեռ ավելին ասեմ՝ ինչպես կանք նժդեհականներ, այդպես էլ շարունակելու ենք մնալ նժդեհականներ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031