Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու մանդատը դեռ չվերցրած՝ կալանավորում են Վարդան Ղուկասյանի ցուցակի հաջորդ համարին ու նրա եղբորը

Հոկտեմբեր 29,2025 19:30

Տեղեկացրել ենք, որ այսօր ձերբակալել ու Շիրակի մարզի քննչական բաժին էին տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երկու թիմակիցներին՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ֆերմեր երկու եղբայրներին՝ Գևորգ և Տիգրան Ավագյաններին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջում է երկամսյա կալանք։

Բանն այն է, որ Տիգրան Ավագյանը Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցության» ավագանու թեկնածու է, ով պիտի մանդատ ստանար Գյումրու կալանավորված ավագանու անդամ Սեդրակ Սահակյանի փոխարեն։

Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը՝ նշելով, որ կալանավորված Սեդրակ Սահակյանը վայր է դրել ավագանու իր մանդատը, այն շուտով կներկայացվի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանից բացի ավագանու այլ անդամի ինքնաբացարկի մասին կազմված արձանագրություն դեռ չի ստացել։

Նշենք, որ Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երեք անդամներ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գևորգ Ղուկասյանը, որը նրա եղբոր թոռն է, և Սեդրակ Սահակյանը կալանավորված են։

Կալանավորված ավագանու անդամները վայր են դնում մանդատները՝ հնարավորություն տալով այն փոխանցելու ցուցակի հաջորդ համարներին, որպեսզի կարողանան բնականոն ավագանու նիստեր գումարել ու քվորում ապահովել, ու ընդդիմությունը չկորցնի իշխանությունը Գյումրիում։

Սակայն փաստն այն, որ կալանավորում են անգամ մանդատը դեռ չվերցրած թեկնածուին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031