Բացառիկ մասնագիտություն է պարֆյումերը կամ բույրագործը՝ նրբաբույրերի և օծանելիքների մասնագետը։ Aravot.am-ը շարունակում է ներկայացնել հայ պարֆյումերներից հնչեղ անունների։
Օրերս մենք հյուրընկալվել էինք Գևորգ Սիմոնյանի՝ առայժմ 136 բույր ունեցող լաբորատորիայում։ Պարֆյումերը նախ ներկայացրեց իր գործունեությունը ամենասկզբից և դրա դրդապատճառը։
«Թոմ Թիքվերի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմը դիտելուց հետո փոխեցի կյանքի և իմ առաքելության նկատմամբ հայացքս ու, հավաքելով ուժերս, շարժվեցի առաջ։ Ընդդեմ գործունեությանս քննադատությունների՝ ստեղծեցի սեփական լաբորատորիա, որտեղ այցելելիս հյուրերը լցնում են օծանելիքի սրվակները յուրահատուկ, ինքնատիպ օծանելիքով, իսկ սրտերը՝ էմոցիաներով։ Այժմ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված է “Simonyan” բրենդը (տուփերի վրա պատկերված է ՀՀ դրոշը – Ս. Դ.)։ Աշխատանքիս ընթացքում մշտապես կիրառում եմ անհատական մոտեցում։ Պատվիրատուն հնարավորություն ունի տասնյակ տարբերակներից ընտրել իր կողմից ամենանախընտրելի բույրերի համադրությունը։ Ավելին՝ այցելուները հնարավորություն ունեն իրենց սեփական ձեռքերով ստեղծել չկրկնվող բույրեր՝ ընդգծելով կերպարին, տրամադրությանը և ճաշակին բնորոշ հատկությունները։ Տուփերի և սրվակների վրա մակագրում եմ այցելուի անունը, ինչն ընդգծում է օծանելիքի յուրահատկությունը (նման անհատական մոտեցման փորձը տարածված է Ֆրանսիայում – Ս. Դ.)»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ փաստորեն դուք այս գործի կամ նման մոտեցման առաջամարտիկն եք Հայաստանում, իսկ ինչից սկսվեց ձեր՝ պարֆյումերի հաջողության պատմությունը, Գևորգ Սիմոնյանն ասաց․ «2022 թ. Կիպրոսում “Red Diamond” մրցանակաբաշխությանը ներկայացել եմ իմ օծանելիքով, իսկ մեկ տարի անց էլ՝ արդեն որպես նույն “Red Diamond”-ի հովանավոր, բոլոր մասնակիցներին նվիրելով օծանելիք»։
Ռեպլիկին՝ «նվիրելը ձեր տարերքն է», պարֆյումերի պատասխանը հետևյալն էր․ «Սիրում եմ նվիրել և ժպիտ պարգևել մարդկանց։ Ինձ համար պատիվ է, որ Կիպրոսի, Ղազախստանի նախագահներն ու նրանց տիկնայք, ինչպես նաև իշխանության այլ ներկայացուցիչներ օգտագործում են իմ հայկական արտադրանքը (մեր զրուցակցի խնդրանքով չենք բարձրաձայնում հայաստանցի արվեստագետներից, պաշտոնյաներից մինչև հոլիվուդյան այն աստղերի անունները, ովքեր օգտագործում են “Simonyan” բրենդի անվանական օծանելիք – Ս. Դ.)»։
Հաստատելով լուրը, թե ստեղծել է նաև բիզնես ակումբ, մեր զրուցակիցը մանրամասն ներկայացրեց այն․ «Ակումբի անդամները արժանապատիվ անձնավորություններ են, ովքեր ինձ հետ բացահայտում են բիզնեսի գաղտնիքները։ Հանդիպումների ժամանակ, օրինակ, զուգահեռ եմ անցկացնում իմ և պարֆյումեր, բարերար Հենրիկ Բռոկարի հետ, ում գործունեության և անցած ճանապարհի մասին խոսում են ավելի քան 200 տարի։ Սակայն… Մրցում եմ ինքս ինձ հետ… Ձգտում եմ փոխվել օրեցօր և անդադար»։
Փոքր էքսկուրս կատարելուց հետո խնդրեցինք հակիրճ ներկայացնել իր կողմից ստեղծած թանգարանները ևս։ Մեր զրուցակիցը նախ ասաց, թե պլանավորում է նաև կառուցել հնաոճ լաբորատորիա՝ «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմի հիման վրա։ Նրա հավաստմամբ, լաբորատորիան կդառնա տուրիստական կենտրոն, ինչը, անշուշտ, կնպաստի Հայաստանում օծանելիքի արտադրության զարգացմանը, կոգեշնչի տաղանդավոր երիտասարդներին և ևս մեկ առիթ կլինի, որպեսզի մեր երկրի անունը հնչի և հիշատակվի արտասահմանում։
Թանգարանների մասով էլ ասաց․ «Կինոյի թանգարանում ցուցադրված են հին ժամանակներից մինչև մերօրյա, ժամանակակից տեսախցիկներ, մառանում՝ ջրաղացներ՝ 20 տարի հնացած գինիներով և այլ հազվագյուտ նմուշներով, որոնք, բնականաբար, ձեռք եմ բերել տարիների, ավելի ճիշտ՝ տասնամյակների ընթացքում»։
Վերջում վստահ ենք՝ հետաքրքիր կլինի սեղմ ներկայացնել մինչ ճանաչված պարֆյումեր դառնալը (իսկ նա ավելի շատ ճանաչված անուն է արտասահմանում, քան հայրենիքում – Ս. Դ.) Գևորգ Սիմոնյանի անցած դժվարին, ծանր տարիները։ Այսպես՝ երեք տարեկանում ընկել է երկրորդ հարկից, վնասել տեսողությունը և, ինչպես ինքն է ասում, ձեռք է բերել աշխարհը յուրովի տեսնելու ունակություն։ Ինը տարեկանից սկսած զբաղվել է շախմատով՝ դառնալով առաջին կարգի շախմատիստ։
«Շախմատն ինձ սովորեցրեց մի քանի քայլ առաջ մտածել, ինչպես նաև ճիշտ և մանրամասն պլանավորել հաղթանակին հասնելու համար անհրաժեշտ քայլերը։ Հետ նայելով անցած ճանապարհիս՝ համոզվում եմ, որ շախմատ խաղալու և բիզնեսը կառավարելու կանոնները նման են։ Ինչպես ցույց տվեց փորձը՝ շախմատ խաղալուց հակառակորդներս նույն կանոններով էին առաջնորդվում, իսկ ես… հակառակը։ Բիզնեսը կառավարելիս մրցակիցներս օգտագործում էին գրեթե նույն մեխանիզմներն ու օրենքները, իսկ ես… հակառակը»։
1990 թ. հոր մահից հետո, մեր զրուցակցի խոսքերով՝ «կյանքը ստիպեց ինձ վաղաժամ հասունանալ, չէի վախենում տարբեր աշխատանքներ կատարելուց»։ Ասվածի վկայությունն է հետևյալը՝ տասը տարի շարունակ շուկայում սեղանիկ է ունեցել, վաճառել ծխախոտ և այլ ապրանքներ։ Զբաղվել է տարադրամի փոխանակմամբ, վարձով տրամադրել է տեսաերիզներ, հետո՝ 17 տարի զբաղվել կոշկագործությամբ։
1995 թ. զորակոչվել է բանակ, սակայն տեսողության խնդրի պատճառով մեկ ամիս անց վերադարձել տուն (կարելի է մտածել, թե զորակոչիկին բուժզննման ընթացքում չեն նկատել նրա տեսողական խնդիրը, ինչը այսօր էլ անզեն աչքով նկատելի է – Ս. Դ.)։
Հետո, 1999 թ. մեկնում է Գերմանիա՝ իր խոսքերով՝ բախտ որոնելու, սակայն շուրջ մեկ տարի անց վերադառնում։ «2000 թ. ուղևորվեցի Սոչի, Աբխազիա։ Բարեբախտաբար հանդիպեցի լավ մարդկանց, որոնց հետ ավելի քան 20 տարի բարեկամություն եմ արել, շատ բան սովորել նրանցից։ Ի դեպ, այդ մարդիկ մեծ ազդեցություն ունեցան հաջողություններիս հասնելու ճանապարհին։ 2002 թ. Գելենջիկում աշխատում էի բարմեն, միառժամանակ անց մեկնեցի Մոսկվա՝ քրոջս առողջական խնդիրները լուծելու նպատակով։ Հաճախ գիշերներն անցկացնում էի կայարանում… Հետո արդեն, բուժումն ավարտելուց հետո վերադարձա Երևան և մինչև 2011 թ. զբաղվեցի շինարարությամբ։ Աշխատել եմ նաև Կրասնոդարում, որտեղ շենք ենք կառուցել և այլն, և այլն։ Այսպես կարող եմ երկար պատմել, ինչի կամ ինչերի միջով եմ անցել։ Բայց մի բան էլ ասեմ՝ այդ տարիներին օծանելիքի առք ու վաճառք էլ եմ արել։ Մինչ դրանով զբաղվելը՝ սեր չեմ ունեցել օծանելիքի նկատմամբ (ժպտում է – Ս. Դ.)։ Հետո-հետո սկսեցի ուսումնասիրել բույրերը, օծանելիքին վերաբերող պատմությունները, գաղտնիքները… Հետո՝ կորոնավիրուս… և այդ ընթացքում դիտեցի «Պարֆյումերը» ֆիլմը… Իսկ հետոն՝ արդեն գիտեք»։
Սամվել Դանիելյան


















































 
                        
 
          
          
         


 
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   