Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկտորը կշեռքի մի նժարին դնում է իր դասախոսին, մյուսին՝ պատգամավորուհուն ու իր դստերը եւ ընտրում է նրանց». Սահակ Մանուկյան

Հոկտեմբեր 29,2025 16:51

Aravot.am-ը պրակտիկ օրինակ բերելու համար ԵՊՀ-ից հեռացված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Սահակ Մանուկյանից, որին թաքուն լուսանկարել եւ նկարը ԵՊՀ ռեկտորին էր փոխանցել ՔՊ-ական պատգամավորի դուստրը, հետաքրքրվեց՝ նախկինում որեւէ այլ բան նկատե՞լ է դասավանդելիս, խնդիրներ եղե՞լ են նույն կուրսում:

«Ոչ, երբեք…Ընդհակառակը, այդ կուրսում կան շուրջ 7 տասնյակ ուսանողներ, որոնց հետ շատ արդյունավետ կարգավորված աշխատել ենք, ըստ էության՝ մտքիս ծայրով չի անցել, որ կարող եմ հայտնվել նման իրավիճակում: Արդեն 15 տարվա դասախոսական ստաժ ունեմ, ունեցել եմ հազարավոր ուսանողներ, երբեւէ նման խնդրի չեմ բախվել: Ասեմ ավելին, եւ այդ կուրսում, եւ այլ կուրսերում ուսանողներին ավելի շատ հետաքրքրել են պրակտիկ օրինակները, երբ դասախոսը ոչ թե իրականությունից կտրված ներածական դասախոսություն է կարդում, այլ կարողանում է տեսությունը համեմատել պրակտիկայի հետ, եւ օրինակներով բացատրել է այս իրավիճակում ո՞րն է իրավական առումով ամենաճիշտ գնահատականը: Նույն էլ այս պարագայում էր» ,-պատմում է դասախոսը ու ներկայացնում բերված օրինակի նախապատմությունը, որով բացատում էր զրպարտության եւ վիրավորանքի տարբերությունը՝ դեմոկրատիայի եւ խոսքի ազատության սահմանափակման համատեքստում:

«70 ուսանող լսել է, հասկացել է, որ պահը լավ չի պատկերացրել, հարցեր է տվել, անգամ դասի ավարտից հետո բաց չէին թողնում ինձ, իսկ նրանցից մեկը՝ ՔՊ-ական երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ անթույլատրելի արարք է կատարել՝ ինձ նկարել է, հետո իմ դասախոսության ժամանակ հատվածական նորից նկարել է եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Ընդ որում` ինձ զգուշացրել էին՝ ասել էին մեր կուրսում ՔՊ-ական կա, ես էլ ասել եմ՝ Աստված իրեն պահապան, երբ ես մտնում եմ լսարան, ինձ համար նշանակություն չունի ոչ ազգությունը, ոչ սեռը, ոչ քաղաքական պատկանելությունը, բոլորն իմ ուսանողներն են, բոլորին հավասարաչափ եմ ընդունում: Հիմա այդ երեխան ի՞նչ մեղավոր է, որ իր ծնողը զբաղվում է քաղաքականությամբ…Ես դասախոսությունն ինչպես 15 տարի կարդացել եմ, այդպես էլ հիմա եմ կարդում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրել իր մոր ով լինելը»,-ասաց Սահակ Մանուկյանը:

Մեր դիտարկմանը, որ սեպտեմբերին իր աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է, բայց հոկտեմբերին ազատել են աշխատանքից, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Խնդիրը ոչ թե իմ պայմանագրի՝ սեպտեմբերին երկարաձգելն ու հոկտեմբերին ինձ աշխատանքից ազատել է, այլ այն զավեշտը, որ որպես դասախոս իմ գիտամանկավարժական գործունեության ժամկետն ավելի երկար է, քան երեփոխանուհու աղջկա տարիքը, իմ գիտական աշխատանքները, մենագրությունների թիվն ավելի մեծ է, քան իր տարիքը, բայց ինձ ազատում են աշխատանքից այն բանի համար, որ օրինակ եմ բերել, որն առկա է գեղարվեստական ֆիլմում, քրեական եւ քաղաքական գործերում: Մյուս խնդիրն այն է, որ ռեկտորը կշեռքի մի նժարին դնում է իր դասախոսին, մյուսին՝ պատգամավորուհուն ու իր դստերը եւ ընտրում է նրանց: Նա իր մեջ ուժ չի գտնում ասելու՝ ներողություն, բայց ի՞նչ է արել դասախոսը»:

Սահակ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ հանդիպում փնտրե՞լ է, բացատրություն եղե՞լ է, թե ինչու են իրեն ազատում աշխատանքից: «Ինչո՞ւ պետք է հանդիպում փնտրեի, իրենք պետք է փնտրեին, որեւէ բացատրություն չի եղել»,-ասաց դասախոսը: Նրա ձեւակերպմամբ, ամբիոնի վարիչի ու դեկանի հետ հանդիպման ժամանակ վերջիններս կրավորական եւ վախկոտ կեցվածք են ցուցաբերել:

Հարցրինք՝ չի՞ պատրաստվում դատական կարգով վիճարկել այս անարդարությունը: «Ընդունենք՝ վիճարկեցինք… Ես երեւույթն ավելի լայն եմ դիտարկում, խնդիրը հետեւյալն է՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչը, որը հանրային ծառայող է, քաղաքական, պետական, հանրային պաշտոն զբաղեցնող անձնավորություն է, իմ հանրային ծառան, որին ես աշխատավարձ եմ վճարում, որ ինձ համար օրենքներ կատարելագործի, ի՞նչ իրավունք ունի միջամտի ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման ամբիոնի գործերին:

Սա է պրոբլեմը, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչն արել է գործողություն, որն ընդհանրապես իր օրենսդիր գործունեության հետ կապ չունի… Ինձ սա է ցավ պատճառում, ոչ թե այն, որ սեպտեմբերին ընդունեցին ու հոկտեմբերին ազատեցին…Պրոբլեմն այն է, որ ինչ-որ մի պատգամավոր կարողանում է խառնվել իրավաբանական անձի գործերին…Հետո՞ ինչ, որ քո աղջիկն այնտեղ է սովորում… Ես այսպես թե այնպես Աստծո օրհնությամբ իմ հացը կվաստակեմ, այստեղ հարցը սոցիալական չէ, հարցը ակադեմիական ազատություններին է վերաբերում, բուհը պետք է կարողանա ազատ լինել քաղաքական անհարկի վերահսկողությունից»:

Սահակ Մանուկյանը նշում է. «Նույն տրամաբանությամբ ԵՊՀ-ում եւ ցանկացած այլ բուհում կարող են յուրաքանչյուրին աշխատանքից ազատել, ընդամենը մի մատնիչ է պետք… Սրա դեմը պետք է առնել, ու սա Սահակ Մանուկյանի հարցը չի, Սահակ Մանուկյանը հերթական զոհաբերությունն էր, որ կատարվեց ռեկտորի կողմից, որ իր պաշտոնը պահի: Գուցե ռեկտորը վախենում է կամ սիրում է այդ պատգամավորին, բայց վախից ու սիրուց դրդված չեն կառավարում համալսարանը…Արուսյակ Մանավազյանները եկել ու գնացել են, բայց ԵՊՀ-ն որպես արժեք ու կաճառ կա:

Հավելենք, որ Արուսյակ Մանավազյանը news.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ ռեկտորի հետ խոսակցություն չի ունեցել, իսկ Սահակ Մանուկյանը թող իր գործատուի հետ հարաբերությունները պարզի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031