Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն պատրաստվում է հերթական ընտրություններին, բայց երբեք չի կարող բացառել արտահերթ ընտրությունները»․ Վահագն Հովակիմյան

Հոկտեմբեր 29,2025 16:31

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արտահերթ ընտրությունների անցկացման ազդակներ կա՞ն։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հերթական ընտրություններին։ Ավելին, ԿԸՀ-ն, պատրաստվելով հերթական ընտրություններին, երբեք չի կարող բացառել արտահերթ ընտրությունները, որովհետեւ դա ԿԸՀ տիրույթում չէ, դուք քաղաքական հարց եք բարձրացնում»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Անդրադառնալով այն ահազանգին, որ Արմավիրի մարզպետն աշխատանքի ժամին հօգուտ ՔՊ թեկնածուի Վաղարշապատում քարոզչությամբ է զբաղված, ԿԸՀ նախագահն ասաց․ «Ես չգիտեմ՝ ինքն արձակուրդում է, արձակուրդում չէ։ Տվյալ դեպքում խոսքը վարչական ռեսուրսի չարաշահման մասին է, որը ենթադրում է անձի նկատմամբ որոշակի իրավական գործընթաց։ Կլինի պաշտոնական փաստարկված դիմում, ընտրատարածքային հանձնաժողովը դիմումը կքննի եւ դիմումին կտա իրավական ընթացք»։

Անդրադառնալով իր անաչառության վերաբերյալ հարցին՝ Հովակիմյանն ասաց․ «Չի կարող որեւէ ՀԿ, լրագրող կամ քաղաքական գործիչ որեւէ փաստ կամ մեղադրանք բերել, որ իմ կողմից՝ որպես ԿԸՀ նախագահի, որեւէ կողմնակալություն է դրսեւորվել։

Օրինակ՝ կարող է լինել կասկած, որ ես 20 տարի լրագրող եմ եղել, վերջ։ Այսինքն՝ ձեզ համար նախկին մասնագիտությունը մեղադրանք է, որ մարդը հանցագո՞րծ է։ Կասկածն այն մասին է՝ արդյոք դուք պոտենցիալ հանցագործ եք, որովհետեւ ԿԸՀ նախագահի կողմնակալությունը հանցագործություն է։ Երբ որ դուք զուտ իմ նախկին մասնագիտության, իմ ընկերների, ընտանիքի անդամների հետ կապված իմ անձը կասկածի տակ եք դնում, ուղղակի ինձ մեղադրում եք պոտենցիալ հանցագործ լինելու մեջ։ Մարդու նախկին աշխատանքը խնդիր չէ, եթե մարդու նախկին աշխատանքը կամ պաշտոնը լինի խոչընդոտ որեւէ պաշտոնում ընտրվելու համար, դա Սահմանադրությամբ, օրենսդրությամբ կսահմանվի։

Կա սահմանադրական պահանջ, որ պաշտոնավարման ժամանակ մարդը պետք է քաղաքական զսպվածություն պահպանի։ Եթե դուք ինձ կբերեք մեկ փաստ, որ ես քաղաքական զսպվածություն եմ խախտել, որեւէ կողմնակալ գործողություն եմ արել, խնդրեմ»։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031