«Հանձնաժողովը բոլորի մասով է ակտիվ, ընդ որում՝ մենք չենք էլ նայում ընդդիմադիր է, թե իշխող ուժի ներկայացուցիչ է։ Եվ կուսակցության հետ կապված հաղորդումներ ենք ներկայացրել, եւ համայնքի ղեկավարների հետ կապված։ Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք, ցանկացած դեպքում, երբ հայտարարագրերի ուսումնասիրության ընթացքում առերեւույթ հանցագործության տարրեր ենք տեսնում, հաղորդում ենք ներկայացնում Գլխավոր դատախազություն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման հետ կապված իրենց հանձնաժողովը միայն կարողացավ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ստատուս գրի եւ հետո էլի շարունակի՞ այդ բառապաշարը, հանձնաժողովն այլ լծակներ չունի՞, Գալստյանը պատասխանեց․ «Հանձնաժողովն իրավասու է կատարել այն, ինչ օրենքով է գրված։ Օրենքով գրված է, որ վարքագծի կանոնների խախտման դեպքում հանձնաժողովը հրապարակում է եզրակացություն, պաշտոնատար անձինք էլ պարտավոր են արձագանքել հրապարակային հայտարարության միջոցով։ Եվ մնացած պաշտոնյաներին էլ է դա վերաբերում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում եւ շահերի բախման, եւ վարքագծի կանոնների խախտման դեպքում որեւէ այլ լծակ, քան պաշտոնական հրապարակում ներկայացնելը, օրենքով նախատեսված չէ։ Օրենքները չենք գրում, մենք կիրառող ենք, օրենքում ինչ գրված է, դա ասում ենք»։
Անդրադառնալով քրեական վարույթ նախաձեռնելու հարցին՝ նա ասաց, որ քրեական վարույթը հանցակազմի առկայության պայմաններում է նախաձեռնվում։ «Եթե այդ հրապարակումներում լիներ քրեական վարույթ, անկախ մեր վարույթից, քրեականը պիտի զուգահեռ նախաձեռնվեր, մենք մերը կկասեցնեինք, քրեականն արդեն ուժի մեջ կլիներ։ Բայց այս դեպքում մենք տարեկան հաղորդումներով բազմիցս ներկայացրել ենք, որ քաղաքական պաշտոնների դեպքում պատասխանատվության այս միջոցներն արդյունավետ չեն։ Եվ գործնականում ստացվում է, որ հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում, վարչական ռեսուրս է ծախսում, բայց պատասխանատվությունը բացառապես հանրային է։ Մենք նաեւ քննարկել ենք մեր միջազգային գործընկերների հետ, թե որը կլինի ճիշտ լուծումը, որովհետեւ, օրինակ, նախարարների, վարչապետերի դեպքում կարգապահական պատասխանատվությունը, կարծում ենք, ճիշտ չի լինի։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ կան, որ հնարավոր կլինի արդեն օրենսդրական փոփոխությունների համատեքստում քննարկել»,- հավելեց նա։
Մարիամ Գալստյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրենց որոշման հետ կապված կառավարությունից ճնշումներ չեն եղել հանձնաժողովի վրա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































 
                         
          
          
                                    
 
                                    
                                    
                                   