ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ուշագրավ տեղեկություններ է հայտնել հոկտեմբերի 27-ի գործով: Ըստ նրա՝ ահաբեկչությունն իրականացրած չարագործների թիկունքում եղել են Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
«Այն ընթացքը, որ ունեինք այդ տարիներին, այն թափը, որ հավաքել էինք, տանելու էր մեզ կտրուկ առաջանցիկ զարգացում տարածաշրջանում: Իսկ այդ զարգացումը մեծ խանդ էր առաջացնում հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Ես կարծում եմ՝ հիմնական շահառուները այդ երկու երկրներն էին:
Այն խնդիրները, որոնք կային հետխորհրդային ցանկացած երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում՝ նոր անկախության ձեռքբերումից հետո անխուսափելիորեն առաջացող խնդիրները, այդ խնդիրների լուծման համար ունեինք չափազանց լավ նախադրյալներ: Եթե դրանք կարողանայինք իրացնել, մեր հակառակորդների մոտ խնդիրները ավելի կխորանար: Իմ անձնական կարծիքն է, որ այդ մարդիկ՝ այդ չարագործները, եղել են գործիքներ, իսկ իրենց թիկունքում կանգնած են եղել հենց այդ երկու երկրների հատուկ ծառայություների ներկայացուցիչներ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը:
Թե ինչու հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը բացահայտել չի ստացվում, պարոն Մինասյանն առաջ քաշեց մի վարկած, որը ահաբեկչության կատարման առաջին իսկ օրից շրջանառվել է. «Չարագործներն ուղղակի կոնտակտ իրենց տերերի հետ չեն ունեցել: Այդ ամեն ինչը իրենց վրա ազդեցության, ներգործության տարբեր ձեւերով տեղի է ունեցել, իրենք նույնիսկ չեն էլ հասկացել, թե ովքեր են իրենց իսկական տերերը ու ինչ իրական նպատակներ են ունեցել: Այդ պատճառով այսօր մենք չենք կարող մատնացույց անել իսկական տերերին ու շահառուներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































