Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չպետք է հալվենք ալիեւյան այս հերթական հնարքից. իրենք Հայաստանը դիտարկում են որպես մահվան համակենտրոնացման ճամբար եւ ՀՀ համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արել են Արցախի հետ»

Հոկտեմբեր 27,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն կներկրվի Հայաստան։ ՀՀ իշխանությունները ներկայացնում են, թե գործում է փոխադարձության սկզբունքը՝ Ադրբեջանը ՀՀ համար բացում է ճանապարհները։ Իրականում ի՞նչ է կատարվում։

-Այսպես կոչված՝ «ալիեւյան կառուցողական մոտեցումը» ունի  տարբեր շերտեր։ Պետք է չմոռանանք, որ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակված է ավելի քան 30 տարի։ Ուղղակի փորձում են մեր պետականությունը խեղդամահ անել շրջափակման ճիրանների մեջ, վերացնել հայկական պետականությունը։ Մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ սահմաններ ունենք ոչ թե հայկական կողմի նախաձեռնությամբ, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից են սահմանները փակվել ժամանակին, ուստի եւ բացելու խնդիրը նրանց դաշտում է գտնվում, ոչ թե հայկական կողմի։ Հայաստանը վաղուց է թույլ տվել եւ դեպի Նախիջեւան, եւ դեպի Թուրքիա օդային տարածքով տարբեր չվերթների, բեռնափոխադրումների իրականացում։ Ինչ վերաբերում է ցամաքային բեռնափոխադրումներին, ապա ՀՀ-ում դեռեւս գոյություն չունեն այդ ենթակառուցվածքները։

Մենք պետք է զգուշավորությամբ մոտենանք Ադրբեջանի այդ քայլին, նախ դա կարող է լինել մեկանգամյա ակցիա։ Երկրորդ, մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը ոչ թե թույլ է տալիս, որ իր տարածքով բեռ հասնի Հայաստան, այլ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից եկած ցորենի խմբաքանակը պետք է մուտք գործի Վրաստան եւ հետո Վրաստանից մուտք գործի Հայաստան։ Այնպես որ, դա չի նշանակում, թե Ադրբեջանը ապաշրջափակում է եւ թույլ է տալիս դեպի Հայաստան ապրանքներ տեղափոխել։ Մենք պետք է ամենակարեւորը գիտակցենք, որ այս հարցում, ինչպես նաեւ այլ հարցերում Ադրբեջանի նկատմամբ հավատ չի կարող լինել, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանը դիտարկում է որպես թշնամի։ Բավական է լսել, թե ինչ խայտառակ ձեւով է հայ ժողովրդին պիտակավորում ԿԳԲ-ի գործակալ Փաշազադեն։ Վաշինգտոնյան հռչակագրից հետո նույնպես նրանք լուտանքներ են թափում, մեր սրբություններն ու եկեղեցիները, քաղաքները կոչում են ադրբեջանական մտացածին անուններով։ Այսինքն՝ իրենց խոսույթը չեն փոխել։ Եվ հայտնվել կախման մեջ այսպիսի թշնամական հարեւանից, բավական վտանգավոր է։ Եթե հիմա նրանք որպես մեկանգամյա ակցիա բացեն ճանապարհը՝ Վրաստանով Հայաստան բեռներ տեղափոխելու համար, դա չի նշանակում, որ վաղը չեն կարող փակել կամ էլ դա չեն օգտագործի որպես մեզ վրա ազդելու լծակ։ Մենք պետք է մեր ինքնապաշտպանության բնազդը չկորցնենք եւ պատրաստ լինենք ցանկացած զարգացման՝ պահպանելու մեր պետական կայունությունը։

Ադրբեջանում պետությունը առավել քան ներսից անկայուն է։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի գորշ կարդինալ համարվող Իլհամ Ալիեւի կնքահայրը՝ Ռամիզ Մեհդիեւը մեղադրվեց պետական դավաճանության մեջ։ Դա նույնպես ցուցիչ է, որ Ադրբեջանում ամեն ինչ հանգիստ չէ։ Այնպես որ, Արցախի հարցը փակված չէ եւ չի էլ փակվելու, Ադրբեջանը ճիշտ է անհանգստանում։ Ալիեւը դա գիտի։

-Բայց Հայաստանի իշխանություններն ամեն կերպ պնդում են, որ Արցախի հարցը փակ է, որ պետք է կենտրոնանալ խաղաղության վրա։ Այս պայմաններում խաղաղություն կարո՞ղ է լինել։

-Իրականում Արցախյան հարցը մեր անվտանգության բաղկացուցիչ մասն է։ Չէ՞ որ ադրբեջանական կողմը նախ շահարկում էր այսպես կոչված «ադրբեջանցի» փախստականների՝ Արցախ վերադառնալու խնդիրը, բայց ժամանակավորապես օկուպացնելով Արցախը, այնտեղ կատարելով էթնիկ զտում ու ցեղասպանություն, հիմա էլ այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» խոսույթն է խաղացնում միջազգային տարբեր հարթակներով՝ պաշտոնական ամենաբարձր մակարդակով տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։ Ադրբեջանն այդ ուղղությամբ կոնկրետ սադրիչ գործողություններ է իրականացնում։ Եվ մեր կարեւոր խնդիրը Արցախի հարցը հաշիվներից դուրս չթողնելն է, որովհետեւ դա առնվազն ադրբեջանական անհանդուրժողական մոտեցմանը հակակշռելու, ագրեսիվ քաղաքականությունը զսպելու կռվաններից մեկն է, ինչպես ադրբեջանահայության ցեղասպանությունը եւ ադրբեջանահայ փախստականների տարածքային, իրավական, ֆինանսական փոխհատուցման խնդիրը, որը նույնպես չպետք է փակվի մեր կողմից։

Եվ ամենակարեւորը, որը չպետք է մոռանանք՝ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանը մեծացրեց իր ռազմական բյուջեն՝ փորձելով նաեւ որոշ չափով կարգավորել իր հարաբերությունները ՌԴ հետ։ Ադրբեջանական այս ճիգերը՝ մեծացնելու ռազմական բյուջեն, ո՞ւմ են ուղղված, իհարկե, դեպի հայկական կողմ։ Իհարկե, Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ Այնպես որ, մենք չպետք է հալվենք ալիեւյան այս հերթական հնարքից, որ իբրեւ թե կառուցողկան մոտեցում է ցուցաբերում ՀՀ հանդեպ։ Իրենց հռետորաբանությունից ու գործողություններից ամենեւին չի հետեւում, որ նրանք պատրաստվում են խաղաղության օրակարգի։ Իրենք Հայաստանը դիտարկում են որպես մահվան համակենտրոնացման ճամբար եւ Հայաստանի համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արել են Արցախի հետ, ինչին մեր ժողովրդի կամքի ու համատեղ ուժերի շնորհիվ իրենք երբեք չեն հասնի։

-Հայաստանի իշխանություններն այն թեզն են դրել շրջանառության մեջ, որ եթե մենք Արցախի մասին չխոսենք, Ադրբեջանն էլ չի խոսի այսպես կոչված՝ «արեւմտյան Ադրբեջանի» մասին։ Որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում, արդյոք սա պրիմիտիվ թեզ չէ։

-Ասենք թե չասենք Արցախ, խոսենք թե չխոսենք Արեւմտյան Հայաստանի մասին, միեւնույն է, նրանք առավելապաշտական նկրտումներ ունեն, որը չի նախատեսում հայկական անկախ պետականության եւ հայ ժողովրդի գոյությունը Հարավային Կովկասում։ Մենք խոսենք, թե չխոսենք Հայոց ցեղասպանության մասին, միեւնույն է, Ադրբեջանը տարվա մեջ երկու անգամ հիշատակում է հայերի կողմից իբրեւ թե կատարված ցեղասպանության մասին, իրենց մատաղ սերնդի մոտ հայերի նկատմամբ ատելություն են սերմանում։ Իսկ մեզ համար ինքնապաշտպանություն է հիշել եւ հիշեցնել Արցախի մասին, Արեւմտյան Հայաստանի խնդրի մասին, Հայոց ցեղասպանության մասին, պահպանել հարաբերությունները հնարավոր դաշնակիցների հետ եւ գտնել նոր դաշնակիցներ մեր ընդհանուր շահերի հենքի վրա։

Այնպես որ, մենք չենք կարող ինքնախաբեությամբ զբաղվել եւ մտածել՝ եթե մենք չենք խոսում դրա մասին, ապա ադրբեջանական առավելապաշտությունը կնվազի։ Դեռ չէր հասցրել Վաշինգտոնյան հռչակագրի թանաքը չորանալ, Իլհամ Ալիեւը դուրս եկավ եւ կոպտորեն միջամտեց Հայաստանի ներքին գործերին՝ նորից որպես նախապայման ներկայացրեց, որ  Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, նաեւ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», «ադրբեջանցի փախստականների», Հայաստանի ապառազմականացման մասին խոսեց՝ խախտելով վաշինգտոնյան բոլոր պայմանավորվածությունները։ Իրենց խոստումներին լուրջ վերաբերվել չի կարելի, մենք չպետք է մեր զգոնությունը կորցնենք։ Եթե մենք չենք ցանկանում, որ պատերազմ լինի, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի, որովհետեւ Ադրբեջանի իշխող ռեժիմի համար հայերի հանդեպ ատելության մեջ է թաքնված իրենց իշխանության պահպանման բանալիները։ Իրենք ուրիշ արտաքին թշնամի իրենց համար չեն ընտրել եւ չեն էլ պատրաստվում ընտրել։

Այնպես որ, մենք պետք է հասկանանք՝ մեկ բան է արտաքին աշխարհի համար կառուցողական դիրք ընդունել եւ ցույց տալ, որ մենք խաղաղության կողմնակից ենք, այլ բան է գիտակցել ու ինքներս մեզ հաշիվ տալ, որ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում։ Չէ՞ որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ամենօրյա ռեժիմով ցուցաբերում է ապակառուցողականություն։ Եթե նրանք կառուցողական են, ապա միջազգային երաշխիքների ներքո պետք է թույլ տան արցախայությանն անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, վերականգնել իրենց սեփականության իրավունքը, բոլոր իրավունքները։ Չպետք է պղծեն հայկական պատմամշակութային ժառանգությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում։ Ադրբեջանը պարտավոր է փոխել իր Սահմանադրությունը, որով ՀՀ հանդեպ ունեն ավելի քան 20 հազար քկմ տարածքային պահանջներ։ Ադրբեջանն անհապաղ պետք է դուրս բերի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից, իսկ Ալիեւն ասաց, որ չեն պատրաստվում որեւէ սմ հետ քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից։ Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել այդ դեպքում։

Այո, մենք ձգտում ենք խաղաղության, չենք ձգտում պատերազմի եւ այսօր այնքան էլ պատրաստ չենք լայնածավալ պատերազմի։ Այլ հարց է, որ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր գոյություն ունենալու իրավունքն ու արժանապատվությունը, մշակույթը եւ պատմությունը։ Եթե մեզանից յուրաքանչյուրն այդ նպատակի ուղղությամբ աշխատանք տանի եւ հիշենք, որ Հայաստանն ամեն ինչից վեր է, ես չեմ կասկածում, որ մենք ունենք բոլոր շանսերը՝ դուրս գալու այս բարդագույն իրավիճակից՝ պահպանելով մեր բարձր դիրքը եւ նաեւ ապահովելով մեր սերունդների համար լուսապայծառ ապագա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031