Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Вести Баку»-ում լույս տեսած հոդվածը, ըստ իս, շատ ուշագրավ է, ուստի այն ներկայացնում եմ թարգմանաբար։
«Вести Баку» թերթը գրում է․ «Անանուն աղբյուրից գործակալության ստացած տեղեկատվության համաձայն՝ պետության ղեկավարի դեմ հեղաշրջման փորձը մշակվել է 2024 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից շատ առաջ։
Զրուցակիցը պնդում է, որ պլանը կազմվել է հստակ սցենարով, դերերի բաշխմամբ և արտաքին համակարգմամբ։
Կարդացեք նաև
Գործողության կենտրոնական դեմքը կոչվում էր Ռամիզ Մեհդիև՝ մի մարդ, որը տասնամյակներ շարունակ վերահսկում էր երկրի վարչական մեխանիզմը։
Աղբյուրը պնդում է, որ Մեհդիևը դեռևս ազդեցություն է ունեցել առաջատար լրատվամիջոցների (լրատվական կայքեր և FM ռադիոկայաններ) խմբագրական քաղաքականության վրա և խորհրդարանում հավատարիմ մարդկանց խմբին պատրաստ է պահել` ճգնաժամի դեպքում աջակցելու «ժամանակավոր կառավարությանը»։
Սցենարում գլխավոր դրվագը ավիացիոն աղետն է, որը պետք է լիներ «գործողության ազդանշան»։
2024 թվականի դեկտեմբերին նախագահական ինքնաթիռի հետ, որով թռչում էր նախագահ Իլհամ Ալիևը, պլանավորվել էր «անհաջող միջադեպ», որը արտաքուստ նման էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Երկիրը ցնցված է, խուճապի մեջ է, վախենում է արտաքին սպառնալիքից, և քաոսի ֆոնին ներդրվում է «արտակարգ իրավիճակների կառավարում»։
«Դա պետք է լիներ մեր ԳԿՉՊ-ն՝ միայն անօդաչու թռչող սարքերով՝ տանկերի փոխարեն», – ասում է աղբյուրը։
Աղբյուրի պնդմամբ՝ պլանը համակարգվել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով։ Հիմնական կապող օղակներից մեկը գեներալ Նաջմեդդին Սադիգովն էր (նա Ադրբեջանի ԳՇ նախկին պետն է, ով հանկարծակի «կորավ» 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ), որը երկար ժամանակ համարվում էր «Մոսկվայի մարդը» Բաքվում։ Նա պետք է ապահովեր ռուսական ռազմական դիվերսիայի իրականացումը՝ տեխնիկական աջակցություն՝ GPS-ի անջատում, կեղծ ազդանշանների փոխանցում և նախագահի ինքնաթիռի նավիգացիոն համակարգերի ժամանակավոր կուրացում։
Զուգահեռաբար, Մեհդիևի կառույցների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները պատրաստվում էին տեղեկատվական հարձակման․ նախապես պատրաստվել էին նյութեր «խորհրդավոր հարձակման», «ժամանակավոր անվտանգության խորհրդի» և «վերահսկողության փոխանցման» մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «նոր նախարարների» ցուցակները նույնիսկ նախապես կազմվել էին։
Սակայն գործողությունը ձախողվել էր։ Կատարողները սխալ էին թույլ տվել․ նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել էր AZAL-ի քաղաքացիական ինքնաթիռ, որը 30 րոպե առաջ նույն երթուղով էր ընթանում։
Սխալը ճակատագրական է։ Կառավարվող ճգնաժամի փոխարեն երկիրը և աշխարհը ստացան ողբերգություն և միջազգային սկանդալ։
Դրանից հետո, ըստ աղբյուրի, Մոսկվան փորձել է արագ վերաշարադրել սցենարը՝ վերարտադրել այն, ամեն ինչ ներկայացնել որպես տեխնիկական սխալ և «մասնակիորեն փոխանցել տվյալները»։
Ամենադրամատիկ դրվագը, ըստ այդ արտահոսքի, տեղի է ունեցել ավելի ուշ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ, ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին ասել է, որ Ռուսաստանը «կանխեց մահափորձը» և փոխանցել է օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանի ներսում գործող գործակալի անունը։
«Նա եկել է ոչ թե զղջալու, այլ փրկություն վաճառելու։ Փոխարենը՝ ջերմացում և լռություն», – նշել է աղբյուրը։