Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավաշը՝ ֆոտոպատումներում»

Հոկտեմբեր 17,2025 16:57

Հայաստանի պատմության թանգարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 16-ին՝ Հացի և պարենի համաշխարհային օրը, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լավաշի դիմանկարներ․ հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, որը նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսելու հացի՝ որպես ազգային ինքնության, մշակույթի և հիշողության խորհրդանիշի մասին։

Այս ցուցադրությունը՝ ստեղծված թանգարանի և Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ, վկայում է, որ մշակութային ժառանգությունը կարող է նոր կյանք ստանալ ստեղծագործ համագործակցության և համատեղ նախաձեռնությունների միջոցով։

Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը՝ իր ողջույնի խոսքում շեշտեց, որ ցուցադրությունը կարևոր քայլ է հայկական հացի մշակույթի՝ որպես հայերի ինքնության կարևորագույն օղակներից մեկի հանրայնացման և պահպանման գործում։ Նա ընդգծեց, որ լավաշը ոչ միայն սնունդ է, այլև՝ ընտանիքները միավորող, սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ։
«Աղ ու հացի դերը հայկական մշակույթում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը։ Բանախոսը ներկայացրեց հացի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում, սովորույթներում և ավանդույթներում, ինչպես նաև խոսեց հյուրընկալության ազգային ձևերի, հացին և նրա հետ կապված առարկաներին վերագրվող գերբնական հատկանիշների ու նրանցից բխող մոգական բազմապիսի գործառույթների մասին:

Միջոցառումը շարունակվեց «Ակունք» ազգագրական համույթի հացին նվիրված ծիսական երգերի կատարումներով։

Շուրջ 20 յուրօրինակ պատմություն և անուն, որոնց նպատակն է այցելուներին ևս մեկ անգամ ցուցադրել լավաշի ծանոթ և անծանոթ կողմերը։ Հացթուխի վարպետությունը և լուսանկարչի հմտությունը միահյուսվել են ստեղծելով լավաշների շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնը, ձևը և պատմությունը։

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։

Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.):

Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

Պահպանում է ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։

Արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մինչև մեր օրերը։
2023 թվականից թանգարանի երկու մասնաճյուղերն են հանդիսանում Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Կոտայքի երկրագիտական թանգարանը։

Հայաստանի պատմության թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031