Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց են լուծարում Մինսկի խումբը, այսինքն՝ Արցախի հարցի լուծման ձեւը սա՞ էր․ արցախցիների վերադարձի իրավունքը մնում է»․ Գագիկ Ավանեսյան

Հոկտեմբեր 17,2025 15:28

 «Առավոտի» զրուցակիցն է արցախցի գործիչ Գագիկ Ավանեսյանը։

Գագիկ Ավանեսյան

-Պարոն Ավանեսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արցախցիների վերադարձն իրատեսական չի համարում, քանի որ փախստականների վերադարձի թեման, նրա խոսքով, վտանգավոր է «խաղաղության գործընթացի» համար։ Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, տարբեր կառույցների եւ երկրների ղեկավարներ կարծես համաձայն են այս թեզի հետ, օրինակ, ԵԱՀԿ գործող նախագահն օրերս Հայաստանում խուսափեց խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Արցախցիների վերադարձի իրավունքը մնում է, դա շատ իրատեսական է, ոչ թե անիրատեսական։ Այստեղ հարցն այն է, թե նայած ինչ առաջադրանք են կատարում կամ ինչ են ուզում անել ներկայիս իշխանությունները եւ միջազգային հանրություն կոչվածը։ Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում կոռումպացված, պետական շահերն անձնական շահերի համար օգտագործող գործիչներ կան՝ Թրամփից սկսած։ Եկել են իշխանության եւ թե ում պատվերն են կատարում, ում են ինչ խոստացել, դա իրականացնում են։ Եվ այդ տեսակետից մեր իրավունքները լրիվ չեզոքացվում են։ Մենք 1994 թվականից հետո տեսել ենք, որ բոլոր նախագահների օրոք մեր իրավունքների չեզոքացման գործընթաց էր գնում, եւ հիմա Նիկոլ Փաշինյանն է դա անում։

Հիշեցնեմ ընդամենը մեկ բան, որ Կոսովոյի նախադեպից հետո՝ մինչեւ 2020 թվականն ամենալավ ժամանակաշրջանն էր, որ նույն ճանապարհով գնար Հայաստանը եւ այն նույն մեխանիզմն օգտագործեր, որն օգտագործվել է Կոսովոյի անկախության ճանաչման համար։ Հիմա մեր իրավունքների չեզոքացման գործընթաց է գնում, եւ ամեն մեկն իր դերը կատարում է։ Թե ինչ պարտավորություններ ունի եւ ինչի դիմաց է Հայաստանի իշխող խումբը սա անում, փաստացի ստացվում է, որ հայ ազգի, հայկական պետության ոչնչացման ճանապարհով են գնում։

Եթե այսպես շարունակվի, Արցախից հետո Սյունիքն է լինելու։ Այսօրվա Հայաստանի քարտեզը որ նայում ես, նույն Արցախի պատկերն է, որը եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Եվ այս ամենն իրականացնելու համար ամեն տեսակի մանիպուլյացիաներ օգտագործում են, մարդկանց շրջանում հուսալքություն են տարածում, որ մարդիկ չպայքարեն։ Բայց, իմ կարծիքով, սա ժամանակավոր բան է, պիտի դիմանանք։

-Հասարակությանը ներկայացնում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը կրկնեց դա։ Իրո՞ք, սա խաղաղությո՞ւն է։

-Խաղաղություն նշանակում է, որ թշնամիների միջեւ նորմալ հարաբերություներ են հաստատվում։ Երբ Ադրբեջանի նախագահն ասում է՝ մեր ժողովուրդը հայի դեմք չպետք է տեսնի Սյունիքի ճանապարհով անցնելիս, եւ Հայաստանի ղեկավարն ընդունում է դա, արդարանում է, թե այնպես ենք անելու, որ հայերի դեմքերը չտեսնեն, էլ ի՞նչ խաղաղության մասին է զրույցը։ Սա մեկ կոնկրետ փաստ եմ ներկայացնում։ Խաղաղությունը լրիվ ուրիշ բան է, քան այն, ինչ հիմա քարոզում են որպես խաղաղություն։ Այսօրվա դրությամբ հրադադար է, մեկն է որոշում՝ կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու սահմանին։ Դա սարքել են ինչ-որ ֆետիշ։

Ես հիշեցնեմ հայկական հանրությանը սպառնացող մյուս վտանգների մասին՝ ավտովթարներից օրական միջինում մեկ մարդ է զոհվում, շաբաթական երկու-երեք հոգի սպանվում են։ Իսկ, երբ Արցախը կար, պաշտպանություն էր իրականացվում, ամենաշատը ամիսը երկու զոհ էինք ունենում, այն դեպքում, երբ պաշտպանում էին հայրենիքը, հերոսներ էին։ Այսօրվա Հայաստանի վիճակն այս ի՞նչ է, 7 տարվա մեջ ինչի՞ ենք հասել, ո՞ւր ենք հասել։ 2018 թվականին տրված ոչ մի խոստում մինչեւ հիմա չի կատարվել։

Դուք ասում եք, որ արցախցիների վերադարձի իրավունքը մնում է, այսինքն՝ որքան էլ փորձեն ուժով փակել Արցախի հարցը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, հարցը մնում է չլուծվա՞ծ։

-Ես կարծում եմ, որ այդ իրավունքը մնում է, ի՞նչ է ստացվում՝ Մինսկի խումբը 33 տարի առաջ ստեղծել են այս հարցը լուծելու համար։ Այսինքն՝ մենք պետք է նաեւ եվրոպական գործիչներին պատասխանատվության տակ դնենք, լրագրողներն էլ մեծ գործ ունեն անելու այս դաշտում, պետք է շարունակական տալ այդ հարցերը եւ ասել՝ հարցին պատասխանիր։ Մենք գիտենք՝ Պուտինը, Ալիեւը, Փաշինյանը ովքեր են, պետք է նաեւ աշխարհին ցույց տանք, թե իրենց ղեկավարներն ովքեր են։ Արցախի բռնի տեղահանումից հետո 2023 թվականի սեպտեմբերի 17-ին գնացել ու Կոստանդնուպոլիսում պայմանավորվել են, իսկ 19-ին դեպորտացիա են իրականացրել, պետք է անընդհատ այդ մասին խոսել։

Ո՞նց են լուծարում Մինսկի խումբը, երբ ինքն իր առաքելությունը չի կատարել։ Այսինքն՝ Արցախի հարցի լուծման ձեւը սա՞ էր, 33 տարի առաջ սա՞ էին պատկերացնում, այսօրվա կոռումպացված քաղաքական գործիչներն այսպե՞ս էին պատկերացնում հարցի լուծումը։ Ինձ համար դա անհասկանալի է, բայց քանի որ տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում, ԱՄՆ պես հզոր պետության ղեկավարը դարձել է մարդ, ով խաղաքարտերն անընդհատ խառնում է։

Իմ կարծիքով՝ սա ժամանակավոր երեւույթ է, այս պահն էլ է անցնելու, մենք պիտի դիմանանք, մեր իրավունքները պաշտպանենք, պահենք։ Եվ ես համոզված եմ, որ այս կծիկը հետ է հավաքվելու։ Մենք պետք է անընդհատ հիշեցնենք եւ Եվրամիության ներկայացուցիչներին, եւ մյուսներին ու կոնկրետ իրենց պատասխանատվության տակ դնենք այս հարցերը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031