Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում մեր հայրենակիցներն ապօրինի չե՞ն պահվում

Հոկտեմբեր 16,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Եթե Հայաստանի իշխանությունը սա չի արձանագրում, ուրեմն՝ նրանց «անհապաղ ազատ արձակելու» պահանջն էլ է վերանում

Աշխարհն ուշադրությամբ հետեւում էր, թե ինչպես Իսրայելն ու Պաղեստինը փոխանակեցին գերիներին ու կալանավորներին` համաձայն Իսրայելի եւ պաղեստինյան «Համաս»-ի միջեւ կնքված համաձայնագրի:

Պաղեստինյան «Համաս» շարժումը հոկտեմբերի 13-ի առավոտյան ազատ արձակեց 7, ապա մի քանի ժամ անց` մնացած 13 իսրայելցիներին, որոնք պատանդառվել էին 2023թ. հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում: Թել Ավիվի Պատանդների հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ տոնելու պատանդների ազատ արձակումը: Իսրայելն իր հերթին ազատ արձակեց պաղեստինցի 250 դատապարտյալի եւ 1700 կալանավորի:

Նույն օրն ավելի ուշ Շարմ էլ Շեյխում՝ Խաղաղության միջազգային գագաթնաժողովի ընթացքում Եգիպտոսը, Կատարը եւ Թուրքիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ ստորագրեցին: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: ԱՄՆ նախագահ Թրամփը դիմեց նրանց՝ հիշեցնելով, որ կարգավորել է հայ-ադրբեջանական տասնամյակների հակամարտությունը. «Նրանք 32 տարի պատերազմեցին, եւ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում մենք ամեն ինչ կարգավորեցինք, եւ հիմա նրանք էլ են հավանում միմյանց։ Դա լավ է, հիանալի է»: Այնուհետեւ Թրամփը հարց ուղղեց Փաշինյանին ու Ալիեւին. «Դուք երկուսդ արդեն հաշտվել եք, այնպես չէ՞…»։

Հիմք ընդունելով Հայաստանի իշխանությունների գնահատականները` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված»: Իսկ վաշինգտոնյան համաձայնությունների հիմքում հնարավո՞ր չէր հասնել մեր հայրենակիցների վերադարձին։

Երկու շաբաթ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջեց Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» հայտնել է, որ դեռեւս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն, Հայաստանի կառավարության եւ Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը եւ պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները շուրջ 3 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որեւէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Հիշեցնենք, որ այս կառույցը սեպտեմբերից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից եւ ԵԽԽՎ-ում անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիներին՝ նրանց որակելով իբրեւ «կոնֆլիկտի հետեւանքով անազատության մեջ գտնվող անձինք»: Եվ ի՞նչ… Բաքվում մեր հայրենակիցներն ապօրինի չե՞ն պահվում: Եթե Հայաստանի իշխանությունը սա չի արձանագրում, ուրեմն` նրանց «անհապաղ ազատ արձակելու» պահանջն էլ է վերանում:

Մինչդեռ նույն Միացյալ Նահանգներից արդեն ստանում ենք որոշակի ազդակներ, որոնք ՀՀ իշխանությունների համար կարող են հիմքեր հանդիսանալ այդ հարցում ավելի ակտիվ ու հետեւողական լինելու համար: Մասնավորապես, արցախցիների վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում:

Վերջերս ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունեց ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայ գերիների ազատ արձակումը եւ քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»:

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը աննախադեպ քայլ է կատարել, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երեւանին եւ Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: 2025թ. սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաեւ նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին եւ հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը: Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

«Մենք ողջունում ենք Թրամփ-Վանսի վարչակազմի հանձնառությունները, որոնք ներառված են Կոնգրեսի հայկական խմբի 87 անդամների ստորագրած երկկուսակցական նամակի պատասխանի մեջ, եւ արդեն աշխատում ենք մեր կոնգրեսական դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների եւ համայնքային ակտիվիստների հետ՝ այս հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար», – նշել էր ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը եւ Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել այս չլուծված հակամարտությունում՝ ապահովելու տեղահանված հայերի հավաքական, պաշտպանված եւ արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք:

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի հետ։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում էր, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նրան` «Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող թեմաները մշտապես օրակարգում պահելու եւ ցուցաբերած շարունակական աջակցության համար»։ Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ հանդիպմանը «քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր եւ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները»։ Արդյոք վերջին զարգացումները քննարկվե՞լ են, հայտնի չէ:

Մինչդեռ կարելի է եզրակացնել, որ պետդեպարտամենտն ընդունում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար կարգավորման հիմքում ընկած են 3 առաջնահերթություններ` Արցախի հայերի հայրենադարձության իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը եւ հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ի դեպ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն էր X հարթակում հայտնել, որ Պետդեպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ կոնգրեսականների կողմից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակին, պարտավորվել էր հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։

Նկատենք, որ անցյալ շաբաթ ֆրանսիացի 31 սենատորներ ու պատգամավորներ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ կոչ-հայտարարություն հրապարակեցին՝ ընդգծելով այդ էթնիկ զտման իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների ազատ արձակման եւ այլ քայլերի անհրաժեշտությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, արձանագրվել էր, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ՝ վերջ դնելով այս հողում հայերի բազմադարյա ներկայությանը։ «Հարձակումը տեղի ունեցավ այն պահին, երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, հանձն էր առել հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով սեփական ապագան ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը։ Չնայած այդ հանձնառությանը՝ Բաքուն ընտրեց պատերազմի ուղին։ Մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120 000 հայերը՝ երկրի ողջ բնակչությունը, հարկադրված եղան արտագաղթել Հայաստան։ Այս զանգվածային տեղահանմանը նախորդել էր իննամսյա էներգետիկ, սննդի ու բժշկական ապրանքների շրջափակում, որի նպատակը հայ բնակչության կյանքն անհնար դարձնելն էր՝ ստիպելով նրանց վերջնականապես լքել իրենց տները։ Իրականում շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության ծրագրավորված մի փուլ էր, որի հետեւանքը եղավ հայ բնակչության լիակատար արտաքսումը», նշվում էր հայտարարության մեջ։

Նաեւ շեշտվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացմա. «Հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, շարունակում են պահվել Բաքվի բանտերում՝  առանց արդար դատավարության երաշխիքների։ Բաքվի ռեժիմը անպատժելիորեն շարունակում է իր քաղաքականությունը՝ տարածաշրջանից ջնջելով հայկական յուրաքանչյուր հետք»։

Ֆրանսիացի խորհրդարանականները կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը եւ եվրոպական հաստատություններին չտրվել դիվանագիտական անտարբերությանը, այնուհետեւ շեշտել էին հետեւյալ սկզբունքները.

«1. Լաչինի միջանցքի շրջափակման, 2023թ. սեպտեմբերի 19-ի հարձակման եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումների հստակ ու միանշանակ դատապարտում,

  1. Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անհապաղ ազատ արձակում,
  2. Միջազգային հարթակի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգության եւ հիմնարար իրավունքների երաշխավորման պայմանները գնահատելու համար,
  3. Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության անօտարելի իրավունքի վերահաստատում՝ ապահով, արժանապատիվ եւ անխոչընդոտ վերադարձ իրենց տներ՝ համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնավորապես՝ 2023 թ. նոյեմբերի 17-ի,
  4. Հասցեական եվրոպական պատժամիջոցներ՝ պատերազմի հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների պատասխանատուների նկատմամբ,
  5. Միջազգային հետաքննությունների աջակցում՝ Լեռնային Ղարաբաղում կատարված խախտումները փաստագրելու եւ, Հռոմի Ստատուտի 14-րդ հոդվածի համաձայն, Դատական վարույթներ մեկնարկելու համար,
  6. Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում՝ հումանիտար, անվտանգության եւ մշակութային համագործակցության ոլորտներում»։

Ֆրանսիացի 31 սենատորներն ու պատգամավորները հայտարարությունն այսպես էին ամփոփում. «Այս տխուր տարելիցի կապակցությամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ։ Նրանց վերադարձի իրավունքը պետք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եվրոպական միությունը չի կարող իր արժեքները պաշտպանել փոփոխական չափանիշներով. արդարությունն ու մարդու իրավունքները պետք է լինեն համընդհանուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031