ՀՀ ֆինանսների նախարարության 2021թվականի դեկտեմբերի 9-ին կազմած վերահսկողության ակտում պարզ գրված է, թե տարբեր դրվագներով ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը հավելագրումներ արել, պետբյուջեից սահմանվածից շատ գումարներ ծախսել ՔՈՎԻԴ-19-ի բուժման անվան տակ, որոնց մի մասը նախարարությունը պահանջում է վերադարձնել պետբյուջե:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության կողմից իրականացված չարտերային չվերթների դիմաց վճարված գումարների վերաբերյալ ուսումնասիրության հանրայնացումը, ըստ որի` Չինաստանից Հայաստան են բերվել ավելի մեծ թվով ապրանքներ, քան Հայաստանում մաքսազերծվել եւ բաշխվել են: Դատելով ֆիննախարարության փաստաթղթից` ճանապարհին ապրանքներ են կորել, եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրելուց։
Ըստ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ 21.12.2020թ. կնքված չարտերի մասին համաձայնագրի` 23.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 144 մլն 120 հազար ՀՀ դրամին համարժեք մոտ 273 հազար ԱՄՆ դոլար: 3 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով, փաստացի, տեղափոխվել են 29,903 կգ բժշկական սարքավորումներ: Ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի` մաքսազերծվել են 3,906 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ:
2020թ. դեկտեմբերի 26-ի` «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության չարտերային չվերթներով թիվ 412-01516421 ավիաբեռնագրերով ՀՀ տարածք են ներմուծվել նաեւ 538 կգ բրուտտո քաշով սեղմիչի կափարիչ, պուլսօքսիմետր, ID ձեռնաշղթա, մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 24,888 կգ բրուտտո քաշով թթվածնային կոնցենտրատորի բաք, սեղմված օդի չորանոց եւ այլ ավիաբեռնագրերով՝ 571 կգ բրուտտո քաշով լազերային խողովակ, 3D տպիչ, նրբատախտակի լազերային կտրիչ: «Նշված բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնման-ընդունման, վերջիններիս բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել», – գրել է ֆինանսների նախարարության վերստուգողը:
Կարդացեք նաև
Այսպիսով` ֆինանսների նախարարության վերահսկողները արձանագրել են, որ 14.12.2020թ. եւ 26.12.2020թ. իրականացված երկու չարտերային չվերթների համար «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը վճարվել է 548, 370 ԱՄՆ դոլարին համարժեք 287 մլն 285 հազար ՀՀ դրամ: Ըստ մաքսային հայտարարագրերի` նշված երկու չարտերային չվերթներով տեղափոխվել է «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման համար անհրաժեշտ ընդամենը 10,513 կգ (6607+3906) բեռ, այն դեպքում, երբ ըստ թիվ 412-01516421, 412-01516432, 412-01516443 եւ 412-01516373 ավիաբեռնագրերի՝ փաստացի տեղափոխվել են 62,564 կգ (29903+32661) բեռներ, որի արդյունքում «կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում