Հոկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական՝ ութերորդ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը և Եվրոպական հանձնաժողովի՝ Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարին։
Հանդիպման մեկնարկին բացման խոսքերով են հանդես եկել Կոմիտեի համանախագահները, որից հետո ընդունվել է Կոմիտեի նախորդ՝ յոթերորդ նիստի արձանագրությունը։ Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման գործընթացը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Շենգենյան մուտքի վիզաների տրամադրման վիճակագրությանը, ինչպես նաև Համաձայնագրի կիրարկումից բխող այլ հարցերի։
Հայկական կողմը բարձրաձայնել է Համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները՝ ընդգծելով հատկապես ժամադրությունների սահմանափակ հասանելիությունը, տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, Համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի և վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են բարձրացված խնդիրները հասցեագրելու հնարավոր տարբերակները։
Անդրադարձ է կատարվել նաև հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներին ու Հայաստանի արձանագրած առաջընթացին:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը։ Հայկական կողմն ընդգծել է, որ հանձնառու է իրականացնել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից բխող բարեփոխումները։
ՀՀ ԱԳՆ