Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Շատ հաճախ արվեստը ամենադժվար հարցերի մասին խոսելու միակ լեզուն է դառնում. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբեր 24,2025 19:52

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան այս տարի նշում է հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է 2024–2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտներ, ուսանողներ:

Շնորհավորելով ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով՝ նախարարը նշել է. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան արվեստի ոլորտում տաղանդավոր մարդկանց ինքնարտահայտման հնարավորություն տվող ՀՀ ամենակարևոր բուհերից մեկն է: Ակադեմիայի անցած ճանապարհը թույլ է տալիս տեսնելու բուհի զարգացման հեռանկարը՝ արդեն իսկ ձևավորված ավանդույթների, փորձի ու ռեսուրսների հիման վրա»:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ստեղծագործականությունը պետք է խթանվի դեռևս դպրոցից, որի նպատակով հանրակրթության բարեփոխումների շրջանակում ներդրվել է «Արվեստ» առարկան: «Շատ հաճախ արվեստը ամենադժվար հարցերի մասին խոսելու միակ լեզուն է դառնում, և այսօրվա շրջանավարտներն այդ լեզվին տիրապետողներն են: Այդ լեզուն իմանալով՝ հանրության խնդիրներից խոսելը նաև պատասխանատվություն է, որն ուղղորդում է դեպի լուծումների փնտրտուք: Վստահ եմ, որ ակադեմիան ավարտելով՝ շրջանավարտները ձեռք են բերել ոչ միայն գիտելիք, այլև արժեք ու դիրքորոշում, որոնք արվեստագետին տարբերում են մեր հանրության մեջ»,- ասել է նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով կամք ու վճռականություն հետագա գործունեության մեջ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ բուհն օրեցօր կդառնա ավելի որակյալ ու մրցունակ կրթական, հետազոտական միջավայր՝ զարգացման նոր հեռանկարներով:

ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին ու մաղթել բարի երթ: Անդրադառնալով ակադեմիայի գործունեությանը՝ նա նշել է, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և «Hosq» մշակութային հաբը ստորագրելու են համագործակցության հուշագիր, որի նպատակն է միավորել կրթությունը, արվեստը, նորարարությունն ու փորձարարական ստեղծագործական գործընթացները։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես:
Ավելի քան 200 ուսանողների հանձնվել են դիպլոմներ՝ մշակույթի և արվեստի ոլորտի հատուկ հյուրերի ուղեկցությամբ:

Հոբելյանի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իրականացնելու է նաև այլ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և համագործակցության ծրագրեր:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930