Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուրտումութ», «թալան», «խաղաղություն»

Սեպտեմբեր 03,2025 13:00

Որոնք են հայաստանյան իրականության հիմնական «նարատիվները»

Նախկին ռուսաստանցի, իսկ այժմ իսրայելցի սոցիոլոգ Վիկտոր Վախշտայնն իր վերջին դասախոսություններից մեկում պատասխանում է այն հարցին, թե երբ են նարատիվները (աշխարհայացքով «լիցքավորված» պատմությունները) դառնում քիչ թե շատ կայուն ու ազդեցիկ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նարատիվը (հայերեն՝ պատումը) ունենա 4 չափանիշ. ա/ ինքնություն, որոշակի «խմբակային» պատկանելություն, բ/ չարի ու բարու, մաքուրի եւ կեղտոտի տարբերակում, այդ թվում «ժամանակները» բնութագրելու առումով՝ այս ժամանակահատվածը լավն էր, արժանապատիվ կյանքի շրջան էր, իսկ այն մեկը՝ ճիշտ հակառակը, գ/ երրորդ չափումը տարածական է՝ համաշխարհային չարիք, տեղական չարիք, նույնը՝ իհարկե, բարիքը, դ/ պատասխան «ուղղվածության» մասին՝ ո՞ւր են գնում աշխարհը, իմ երկիրը, ո՞ւր եմ գնում ես:

Փորձենք ենթադրություններ անել, թե որոնք են այդ չափանիշներով հայաստանյան հիմնական պատումները: Բայց սկզբից վերապահում անենք, որ նարատիվների դեպքում կարեւոր չէ, դրանք ճիշտ են, թե սխալ, գնահատականներն արդար են, թե անարդար: Կարեւոր է այն, թե ինչին են հավատում մեծ մարդկանց մեծ խմբերը:

Առաջին (ա) չափանիշով մարդիկ իրենց կարող են նույնականացել որպես «հայ ժողովրդի ներկայացուցիչներ», եւ այդ դեպքում նրանք պետք է փնտրեն ինչ-որ խմբեր, որոնք հակադիր են, թշնամի են իրենց ինքնությանը՝ թուրքեր, ռուսներ, սորոսականներ, նախկիններ, թալանչիներ, նիկոլականներ: Այստեղ կարելի է առանձնացնել երկու նարատիվ (իհարկե, բազմաթիվ ենթատարբերակներով). 1/ «մենք ժողովուրդն ենք, իսկ նրանք նախկիններ են, թալանչիներ են եւ ռսաստրուկներ», 2/ «մենք ժողովուրդն ենք, իսկ նրանք՝ թուրքամետներ են, սորոսականներ են եւ նիկոլականներ»: Կրկնեմ՝ խոսքը հիմնական, այս պահին քիչ թե շատ կայուն երկու նարատիվների մասին է:

Երկրորդ դեպքում (բ)՝ այն հարցին, թե ո՞ր ժամանակներն էին առավել պայծառ, իսկ որոնք էին առավել մռայլ, մեր համաքաղաքացիները, հավանաբար, տարբեր ձեւով կպատասխանեն: Նրանք, ովքեր 60-ն անց են, ունեն երկու պատում. 1/ մինչեւ 1990-ականները (երբեմն՝ մինչեւ Գորբաչովի գալը) ամեն ինչ՝ տնտեսությունը, առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը ծաղկում էին, իսկ հետո ամեն ինչ փչացավ, քանդվեց, 2/ մինչեւ 1990-ականները՝ կոմունիստական մենիշխանություն էր, բռնաճնշումներ, այլախոհների հետապնդում, լճացում, Պոլիտբյորոյի մարազմ, իսկ 1990-ից հետո բացվեց թեեւ դժվար, բայց ցանկալի ազատության ուղին: Բայց այդ երկու պատումների վրա կարելի է առանձնապես չսեւեռվել, որովհետեւ իմ սերնդակիցներն աստիճանաբար հեռանում են ասպարեզից:

Ինչպե՞ս են 1991-ից հետո բաշխվում «սեւ» եւ «սպիտակ» ժամանակաշրջանները հանրային նարատիվներում: Այստեղ տարբերակները մի քանիսն են. 1/ 1990-ականներ՝ ցուրտումութ – 2000-ականներ՝ թալան – 2018-ից հետո՝ ինքնիշխանության եւ խաղաղության տրիումֆ (մթի եւ ցրտի նարատիվը մասամբ փոխանցվել է նախորդ սերնդի «Սովետի ծաղկման» պատումից) 2/ 1990-ականներ՝ ցուրտումութ – 2000-ականներ՝ հաղթանակներ – 2018-ից հետո՝ տապալում, աղետներ, 3/ 1990-ականներ՝ հաղթանակներ – 2000-ականներ՝ հաղթանակների ամրապնդում- 2018-ից հետո՝ տապալում, 4/ 1990-ականներ՝ հաղթանակներ – 2000-ականներ՝ թալան – 2018-ից հետո՝ տապալում, 5/ ամեն ինչ սեւ է՝ 1990-ականներ՝ ցուրտումութ – 2000-ականներ՝ թալան – 2018-ից հետո՝ տապալում: Կարող են, իհարկե, լինել որոշակի երանգներ, «գորշ» հատվածներ, բայց հիմնական սխեմաները հստակ են:

Երրորդ (գ) չափանիշով ամեն ինչ պարզ է: 1/ Լուսավոր, առաջադեմ, ժողովրդավարական Արեւմուտք (համաշխարհային բարիք) – ազգընտիր, մեզ ռուսի լծից ազատագրած իշխանություն (տեղական բարիք) – հետամնաց, կայսրապաշտ Ռուսաստան (համաշխարհային չարիք) – հայաստանյան «5-րդ շարասյուն», նույն իրենք՝ նախկիններ ու թալանչիներ (տեղական չարիք): 2/ ուժեղ լիդերի կողմից ղեկավարվող եւ ինքնուրույնության ձգտող Ռուսաստան (համաշխարհային բարիք) – հայրենասեր, Ռուսաստանի դերը գիտակցող հայեր (տեղական բարիք) – այլասերված, LGBT-ամետ Արեւմուտք (համաշխարհային չարիք) – սորոսականներ (տեղական չարիք):

Չորրորդ տիպի նարատիվներն անմիջականորեն բխում են առաջին երեքից: Օրինակ, եթե դուք տեսնում եք Հայաստանում լուսավոր Արեւմուտքի հաղթանակը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կարծում եք, որ աշխարհը եւ նրա հետ Հայաստանը վստահորեն գնում է առաջընթացի ուղով: Եվ հակառակը՝ եթե գտնում եք, որ Հայաստանը տապալվել է կամ՝ որ մեր երկրում իշխում են սորոսականները, ուրեմն կարծում եք, որ մենք բոլորս գլորվում ենք անդունդը:

Վերջին նկատառումը: Սխալ է մտածել, որ պատումներն ամբողջությամբ կախված են միայն նրանից, թե ով, ինչպես եւ որքան արդյունավետ է կարողանում քաղաքացիներին ինչ-որ բան «կերցնել»: Դա, իհարկե, գործոններից մեկն է, բայց՝ ոչ միակը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930