Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի․ ոստիկանությունը բախումներ է կանխատեսում

Օգոստոս 23,2025 17:07

Այս պահին Գյումրիում զուգահեռ անցկացվում է երկու բողոքի ցույց՝ ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի։

«Հանուն Հանրապետության» կուսակցության՝ Գյումրիում նախաձեռնած ցույցի մասնակիցները գոչում են՝ «102-րդ ռազմաբազա՝ դուրս», «Դավաճան Պուտին»։

«Մայր Հայաստան» դաշինքի նախաձեռնած բողոքի ցույցի ժամանակ հետևյալ կարգախոսներն են հնչում․ «Թուրքական 5-րդ շարասյանը՝ ոչ», «հայ-ռուսական հարաբերություններին՝ այո», «ռուսական ռազմաբազային՝ այո», «ՀՀ անվտանգությանը՝ այո», «ՀՀ անկախության հռչակագրին՝ այո»։

Ոստիկանությունը թույլ չտվեց «Մայր Հայաստան» դաշինքին ռազմաբազայի գլխավոր մուտքի առաջ իրականացնել բողոքի ցույցը՝ հորդորելով դուրս գալ երթևեկելի գոտուց և ռազմաբազայի այլ մուտքի մոտ իրականացնել իրենց բողոքի ցույցը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտահոգություն չունե՞ք, որ կարող են հակընդդեմ ցույցի մասնակիցների միջև բախումներ լինել, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանն այսպես պատասխանեց․ «Մեր կողմից որևէ բախում, սադրանք չի նախատեսվում։ Մեր մտքով էլ չի անցել, բայց ոստիկաններն ասում են՝ կարող են բախումներ ու փոխադարձ հայտարարություններ լինել։ Մենք ասում ենք, որ նման բան մենք չենք նախատեսել։ Եթե դուք հակառակ կողմից այլ տեղեկություններ ունեք, ուրիշ բան։ Կարո՞ղ է՝ իրենք են պատրաստվում ինչ-որ հարձակումների,  բախումների։ Ոստիկանությունն իրենց գործողությունները հիմնավորել է հետևյալ կերպ․ իրենց թողնում ենք մտնել, այստեղ հանգիստ անել իրենց ակցիան, բայց ձեզ չենք թողնում, դուք գնացեք, այլ մուտքի մոտ արեք։ Հիմնական նպատակն է, որ ապահովեն եվրաթուրքերի, արևմտամետների անվտանգ ակցիան»։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ նշեց․ «Ակնհայտ կերպով այդ ցույցը հովանավորվում է իշխանության կողմից։ Միգուցե պատճառն այն է, որ ունեն մտավախություն, որ մենք ավելի բազմամարդ ենք, քան իրե՞նք, որ մեր ակցիան, իհարկե, կփչացնի այն պատկերը, որ իրենք էին ուզում ստանալ։ Դա ճնշման սպառնալիք է ոստիկանության կողմից, քանի որ մեր խնդիրը բախումները չեն, էդ պահին չգնացինք իրավիճակի սրացման։ Իշխանության հովանավորյալներն են իրենք, ոստիկանությունն իրենց համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, որ որևէ բան ասող չլինի»։

Մանուկ Սուքիասյանը հայտարարեց՝ առ այս պահը ընդդեմ ռուսական ռազմաբազայի ցույց անողները «պատի տակից դուրս չեն եկել»․ «Եթե ոստիկանության հովանավորությամբ այլ զարտուղի ճանապարհներից չեն տարվել այդ վայրը, իրենց ակցիայի ժամն անցել է։ Արձանագրեք, որ մենք հարկադրեցինք իրենց պլանները վերանայել, հարկադրեցինք դիմել ոստիկանության օգնությանը, նրանք վախեցան մեզնից, և այդ առումով «Մայր Հայաստանի» ակցիան արդեն իսկ հաջողված է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031