«Փաստինֆո». Օրեր առաջ մի հրապարակում էր հրապարակվել կայքերից մեկում՝ թիրախավորելով Արարատ քաղաքում գտնվող նախկին կինոթատրոնի շենքը, որը Մասյացոտնի թեմի իրավասության ներքո է։ «Փաստինֆո»-ն հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար զրուցել է Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիվանապետ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի հետ։
–Տեր հայր, խնդրում ենք ասել, թե ինչ շինության մասին է խոսքը և երբվանից է այն պատկանում թեմին։
-Շինությունը «Արարատի քաղաքային կինոցանց» պետական ձեռնարկության կազմում ընդգրկված «Ավարայր» կինոթատրոնն է, որը կառուցվել է 1970 թվականին։ Ձեռնարկությունը լուծարվել է, իսկ շենքը, եթե չեմ սխալվում, երեք անգամ հանվել է վաճառքի, սակայն գնորդ չի գտնվել, քանի որ շինությունն անմխիթար վիճակում է եղել։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ շինությունն իր հարակից տարածքով տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նպատակ ունենալով տարածքում կառուցել եկեղեցի, իսկ շինությունը վերակառուցման միջոցով ծառայեցնել որպես Հայորդյաց տուն։ 2021թ. եկեղեցու տարածքը և կինոթատրոնի շենքն Արարատյան Հայրապետական թեմից անցել են Մասյացոտնի թեմի իրավասության ներքո։ 2022թ․ ավարտվել է եկեղեցու կառուցումը և օծվել Մասյացոտնի թեմի առաջնորդի ձեռամբ։
–Հաճախ լսում ենք քննադատական տեսակետներ այն մասին, որ պետությունը Եկեղեցուն է նվիրաբերել հողատարածքներ կամ շենք շինություններ։ Արդյոք դա օրինաչա՞փ է և Եկեղեցին ունի՞ դրա կարիքը։
Կարդացեք նաև
-Գիտենք, որ խորհրդային տարիներին Հայ Եկեղեցուց խլվել են բոլոր եկեղեցական կալվածքները, սակայն, ի տարբերություն այլ երկրներում կիրառված պրակտիկայի, հետանկախության տարիներին Մայր Աթոռը չի պահանջել վերադարձնել ամբողջ գույքը, և որևէ փոխհատուցում պետությունից չի ստացել։ Եթե այդ դիտանկյունից հարցին անդրադառնանք, նմանօրինակ տարածքների կամ շինությունների նվիրաբերումը Մայր Աթոռին, նվազագույն աջակցություն է համայնքի կամ պետության կողմից, մանավանդ, որ հիմնականում վատթար վիճակում գտնվող նմանատիպ շինությունները Եկեղեցու ջանքերով վերակառուցվել են և ծառայեցվել նույն համայնքների երեխաների ու պատանիների ազգային ու հոգևոր կրթության գործին, իսկ հողատարածքներն օգտագործվել են եկեղեցաշինության համար։ Այդ քաղաքականության շնորհիվ է նաև, որ բազմաթիվ խոշոր համայնքներ արդեն ունեն եկեղեցիներ, Երևանում և մարզերում գործում են հոգևոր-կրթական կենտրոններ, Հայորդյաց տներ, կիրակնօրյա դպրոցներ, երեխաների խնամքի կենտրոններ և այլն։
–Որպես լուծում, հնարավո՞ր է կինոթատրոնի շենքը որևէ ձևով հանձնել անհատի կամ կառույցի՝ այլ նպատակով օգտագործելու համար։
-Մայր Աթոռի և թեմի նպատակն է շինությունը որպես Հայորդյաց տուն վերակառուցելը։ Իրականում եղել է առաջարկ այլ նշանակությամբ շինությունը գործածելու, սակայն թեմակալ առաջնորդը մերժել է այդ առաջարկը։ Հիշյալ շինությունը պետք է ծառայի բացառապես Արարատ քաղաքի մատաղ սերնդի հոգևոր-ազգային կրթությանը, հետևաբար որևէ այլ նշանակությամբ շենքը չի կարող գործածվել։ Առաջնորդարանում աշխատում են շենքի որպես Հայորդյաց տուն վերակառուցման, վերաօգտագործման էսքիզային մի քանի նախագծերի վրա, և մասնագետների ներգրավմամբ կկատարվի լավագույն նախագծի ընտրությունը։
–Համայնքապետարանի աշխատակից Արթուր Իսաջանյանը մտահոգություն է հայտնել, որ շենքը քանդման ենթակա է, մինչդեռ մամուլում հայտնվեց մի փաստաթուղթ, որով հաստատվում է շենքի սեյսմակայուն լինելու փաստը։
-Այո, շենքը սեյսմակայուն է, բայց չեմ կարող մեկնաբանել համայնքապետարանի աշխատակցի տեղեկությունը, ավելին, զարմացած եմ, քանի որ սեյսմակայունության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու պատվերը եղել է հենց համայնքապետարանի կողմից, և աշխատակիցը դրա մասին չէր կարող չիմանալ։
–Թեմի կողմից որևէ քայլ ձեռնարկվե՞լ է շենքի վերակառուցման ուղղությամբ։ Ըստ Արթուր Իսաջանյանի՝ համայնքապետարանը բազմիցս դիմել է առաջնորդարանին սույն հարցով։
-Ինչպես գիտեք, Մասյացոտնի թեմը ունի չորս տարվա պատմություն և այս կարճ ժամանակահատվածում կարևոր արդյունքներ է արձանագրել իր առաքելության ճանապարհին։ Հոգևոր, քարոզչական գործունեության և ծիսական կյանքին զուգահեռ Թեմը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես պատմական սրբավայրերի և համայնքային եկեղեցիների վերակառուցման գործին։ Ներկայիս վերակառուցվում է Մոշաղբյուրի պատմական Սուրբ Կարապետ վանքը, լայնածավալ պեղումներ են իրականացվում Լանջանիստում վերջերս հայտնաբերված Սպիտակ վանք համալիրի տարածքում, որի վերակառուցման աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն։ Թեմի գործունեության առաջնահերթություններից է նաև կրթադաստիարակչական, մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացումը։ Հայորդյաց տան կառուցումը ևս թեմի օրակարգում է, և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքի վերակառուցումը և որպես Հայորդյաց տուն գործածումը պահանջում են մեծ ներդրումներ, քայլեր են ձեռնարկվում նաև բարերարներ ներգրավելու ուղղությամբ, և հուսանք, որ ոչ հեռու ապագայում թեմի այս ծրագիրը կիրագործվի և քաղաքը կունենա Եկեղեցու հովանու ներքո գործող հոգևոր, ազգային, մշակութային, կրթադաստիարակչական մեծ կենտրոն։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի դիմումներին, կարող եմ ասել, որ առաջնորդարանում նման դիմումներ առկա չեն։
– Ըստ համայնքապետարանի աշխատակցի՝ «Երկու անգամ նաև Արարատի քաղաքային կոմունալ տնտեսության բյուջետային հիմնարկի աշխատակիցների և բնակչության ջանքերով էստեղ մեծ սանիտարական մաքրում է արվել»։ Բայց տեսնում ենք, որ շենքի տարածքը դարձյալ մաքուր չէ։
– Այո, հաստատում ենք, որ տարածքում պարբերաբար կատարվում են մաքրման աշխատանքներ՝ հոգևոր հովվի նախաձեռնությամբ և նաև համայնքապետարանի աջակցությամբ։ Ամեն տարի մաքրվել են ոչ միայն ներսի տարածքը, այլև հարակից տարածքները։ Այլ խոսքով, ինչպես պարբերաբար մաքրվում է, այդպես էլ կրկին աղտոտվում է… Այս խնդիրը մեզ հուշում է, որ ցավոք հանրության մեջ չկա միջավայրի հանդեպ պատշաճ վերաբերմունք, որի համար պատասխանատու է ինչպես համայնքը, այնպես էլ դպրոցը, եկեղեցին և ընտանիքը։ Հետևաբար` պետք չէ տպավորություն ձևավորել, թե տարածքի աղտոտումը պայմանավորված է նրանով, որ շինությունը Եկեղեցուն է պատկանում։
–Արդյոք հնարավոր է ժամանակավոր լուծում գտնել շենքի մաքրության պահպանման ուղղությամբ։
-Քննարկվում է շինության մուտքերի փակման հարցը, որպեսզի դարձյալ ներսի տարածքը չաղտոտվի։ Առաջնորդարանում ուսումնասիրվել է նաև տարածքը ցանկապատելու հարցը, սակայն վերջնական որոշում չի կայացվել՝ հաշվի առնելով, որ շենքի հարակից տարածքը ներկայիս ծառայում է իբրև ճանապարհ կից հարևան փողոցի բնակիչների համար։ Ցանկապատման դեպքում խոչընդոտվելու է տեղաշարժման հնարավորությունը։ Թերևս, լավագույն լուծումը կլինի մուտքերի և պատուհանների ժամանակավոր փակումը՝ մինչև վերակառուցման աշխատանքները, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից։
–Ինչպես հասկանում ենք, այս խնդիրը նոր չէ, այդ դեպքում ինչով է պայմանավորված այս օրերին խնդիրը բարձրաձայնելը, այն էլ սխալ տեղեկություններով։
-Մեզ համար անընկալելի է նման մոտեցումը, մանավանդ որ Թեմի կողմից առանձնահատուկ ուշադրության ներքո է եղել Արարատ համայնքը՝ հաշվի առնելով իր սահմանամերձ լինելու հանգամանքը։ Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության, Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի բազմաթիվ ծրագրեր Առաջնորդարանի ցուցումով տարիներ շարունակ իրականացվել են առավելապես Արարատ համայնքում, և այդ ծրագրերին քաջածանոթ է եղել նաև համայնքապետարանը, և որոշ դեպքերում թիրախային խմբերն ընտրվել են համայնքապետարանի ուղղորդմամբ։ Համացանցում համապատասխան տեղեկատվություն կա այս առնչությամբ, հետևաբար հարկ չեմ համարում մանրամասնել թեմի բոլոր նախաձեռնություններն ու միջոցառումները։ Պարզապես տարակուսելի է, որ թեմի կողմից համայնքում իրագործված բազմապիսի ծրագրերի մասին լռում է համայնքապետարանը, իսկ այս շինության հետ կապված խնդիրը, որը լուծման ճանապարհին է, կարծես թե ուռճացնում է։
–Իսկ ինչպիսի՞ն են թեմի և համայնքապետարանների փոխհարաբերությունները։ Կա՞ արդյոք որևէ պատճառ, որ համայնքապետարանը նման գործելաոճ ընտրի՝ հարցեր լուծելու համար։
-Մասյացոտնի թեմի և համայնքապետարանների փոխհարաբերությունները մշտապես ընթացել են համագործակցության և փոխըմբռնման ոգով՝ միավորելով ջանքերը մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և սոցիալական կյանքի զորացման համար։ Թեմը մշտապես բաց է եղել ցանկացած կառուցողական քննարկման և նախաձեռնության համար, որոնք միտված են համայնքի բարօրությանը և ազգային-հոգևոր արժեքների պահպանությանը։ Հստակ է մի բան, որ անկախ քաղաքական կամ գաղափարական հայացքներից՝ թե հոգևորականները և թե պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող աշխարհականները պետք է առաջնորդվեն ազգի և պետականության գերակա շահերով։ Միայն այդ սկզբունքի վրա կառուցված համագործակցությունը կարող է իրական արդյունք բերել մեր ժողովրդի ու երկրի համար։
–Տեր հայր, թույլ տվեք մի դիտարկում անել. Քննարկման թեմա դարձած շինության հարևանությամբ է գտնվում Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին, և տեսանյութից էլ երևում է, որ իր շրջակա տարածքով եկեղեցին բավականին խնամված է, ինչը կարծես թե հարցեր չի առաջացրել ոչ լրագրողի, ոչ էլ համայնքապետարանի մոտ։
-Ճիշտ եք նկատել։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շրջակայքը Արարատ քաղաքում ամենախնամված տարածքն ունի, և վստահ ենք, որ քաղաքի բնակիչների համար ամենասիրված վայրն է՝ ոչ միայն աղոթքի, այլև ընտանեկան զբոսանքի համար։ Եկեղեցու բարեկարգ և մաքուր վիճակը բացառապես հոգևոր սպասավորների, եկեղեցու երիտասարդների նախանձախնդրության և ջանասիրության արդյունքն է, ինչը բարի օրինակ պիտի ծառայի բոլորի համար։ Վստահ ենք, որ կինոթատրոնի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներից հետո ամբողջ տարածքը կհավակնի դառնալու քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից։ Աղոթենք, որ Տերը խաղաղություն շնորհի մեր ժողովրդին և զորացնի ամենքիս՝ առավել արդյունաշատ դարձնելու մեր ծառայությունը Հայրենիքին ու մեր Սուրբ Եկեղեցուն։
–Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ուղղորդվա՞ծ է եղել կոնկրետ կայքի կողմից խնդրին անդրադարձը։
-Որևէ պնդում անել չեմ կարող, միայն աղոթում եմ, որ մեր լրագրողական համայնքը հավատարիմ մնա արդարամտության և ճշմարտախոսության սկզբունքին՝ պահպանելով մասնագիտական էթիկական կանոնները։