Լրահոս
Օրվա լրահոսը

Միխեիլ Կավելաշվիլիին հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ

Ապրիլ 29,2025 19:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։

Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան իր պաշտոնական այցի արդյունքներին՝ կարևորելով քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման և պատմության ընթացքում ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։

Նախագահը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Վերջում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Մայր Տաճար, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և երկու երկրների դեսպանները:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930