«Սա գույքային հարց է։ Եվրոպական դատարանից լռում են ՀՀ-ում շատ ավելի լուրջ խախտումների պարագայում, ինչը պայմանավորված է իրենց քաղաքական շահերով»,-հարցին՝ եվրոպական կառույցներն ինչո՞ւ են նախընտրում չնկատել այս օրենքի կիրառումը, որն ակնհայտորեն հակասում է մարդու իրավունքներին և Եվրոպական դատարանի՝ նախադեպային իրավունքին, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ դիմած ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
Նա հիշեցրեց՝ դեռ 2009-2010-ին, երբ ԵԽԽՎ փոխնախագահն էր, ԵԽ-ում հայտարարություն է արել, որ այս կազմակերպությունը ու նրան կից ինստիտուտները վերածվում են իրավունքների պաշտպանից ավելի շատ աշխարհաքաղաքական շահերի պաշտպանի ինստիտուտի ու ցավով նշեց, որ ոչինչ չի փոխվել։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կարծիքը ՍԴ-ի՝ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցով որոշման մասին, ըստ որի՝ նախարարն ասել է, որ «եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձի, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ պաշտոնատար անձի պարագայում սահմանափակվածություն՝ հանցագործության կատարման հետ կապված չի լինելու», Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց․ «Արդարադատության նախարարի՝ երեկվա մեկնաբանությունն ինձ համար ամբողջովին կանխատեսելի էր։ Նա փորձեց ասել՝ կապ չունի՝ առաջին կետով ես գործ հարուցել, թե երկրորդով, մենք ամեն ինչ կխառնենք և որոշում կկայացնենք։
Տիկին Գալյանը նախկինում ղեկավարել է դատախազության համապատասխան ստորաբաժանումը և իր մեկնաբանությունը հենց այն էր, ինչի մասին խոսում էի․ երեքուկես տարի է մարդկանց ճնշման են ենթարկում մի պատճառով, քանի որ չեն ուզում կարդալ կամ չեն ուզում ճանաչել ակնհայտ ճշմարտություններ, որոնք ամրագրված են եղել ՄԻԵԴ-ի կողմից, հիմա արդեն ամրագրված են ՍԴ-ի կողմից։ Նույն ոճը շարունակելու են։ Մի օր, իհարկե, դա պայթելու է։ Ցավոք, նրանց դա չի հետաքրքրում։ Սրբուհի Գալյանի մեկնաբանությունը շատ կանխատեսելի էր, բայց շատ մանիպուլյատիվ։ Կարելի է ցանկացած երրորդ իրավաբանի դիմել և ստանալ կարծիք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ