Բլոգեր Արթուր Չախոյանը հայտարարել էր, որ թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել էր ու սպառնացել է իրեն եւ Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաեւ անհարգալից խոսել իրենց հասցեին։
Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը մանրամասնեցին տեղի ունեցածը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
«ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունն է այդ աշխատանքներն իրականացրել, պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 300 մլն դրամ: Մանկապարտեզը պետք է արդեն իսկ շահագործման հանձնվեր, սակայն ոչ միայն չի հանձնվել, այլեւ քանդվում է՝ դեռ չավարտված:
Պարոն Մանուկյանի հետ այդ տեսանյութը նկարել եւ հրապարակել ենք, որից հետո Նոր Նորք վարչական շրջանի ոչ բարով ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զանգում է ինձ ու սկսում է սպառնալ եւ հայհոյանքներ հնչեցնել: Իրեն դրել էր չակերտավոր լավ տղու տեղ, ասացի՝ տեղ, ժամ կասես կգամ կխոսենք, հիմա թռած է, զանգերի չի պատասխանում: Ես իրեն ասել եմ՝ եթե այս հարցը տղայականով չլուծենք, այլ կերպ է լուծվելու»,-նշեց Արթուր Չախոյանը:
Մեսրոպ Մանուկյանն էլ հավելեց. «Արդեն ջղաձգումներ կան իշխանության՝ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունն իրենց դեմքն են ցույց տալիս: Ակնհայտ է 300 մլն դրամի մսխումը, որովհետեւ տեսանյութում երեւում է մանկապարտեզը անավարտ, լքված, քանդված, կանալիզացիան լցվում է, եւ մեկը չկա պատասխանատու: Նորից ասում եմ՝ անկախ նրանից, թե ով կլինի, դա բարոյականության հետ պրոբլեմ ունեցող մարդ է,եթե այդ ամբողջը տեսնում ու ձայն չի հանում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կատարվածից հետո Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզը շահագործման հանձնված չէ, շինաշխատանքների գումարը փոխանցված չէ, աշխատանքների ընդունման ակտ ստորագրված չէ: Եվ քանի որ մանկապարտեզը որպես այդպիսին չի աշխատում, որևէ պարագայում որևէ մեկի գլխին քար ընկնել չէր կարող: Հորդորում ենք դադարեցնել՝ «Հանրապետություն» կուսակցության և Հանրապետության անդամ վարչական շրջանների ղեկավարների դեմ անիմաստ ու անհեթեթ շահարկումները եւ հիշեցնում ենք, որ ցանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու:
Ուստի քաղաքական եւ, ոչ միայն, սուտասաններին հորդորում ենք, որքան էլ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմի շրջանակներում պատվերներ եք ստանում հանրահայտ հասցեից, հանուն Երևանի ու երևանցու պետք է աշխատել, ոչ թե քաղաքական պարտությունները փորձել փոխհատուցել խուլիգանությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ