«Ազատություն». Հայաստանի ոստիկանության կողմից նախորդ տարի ցուցարարների դեմ կիրառված ուժը «որոշ դեպքերում իրավաչափ չէր», պնդում են աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Amnesty International-ի ներկայացուցիչները։
2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում իրավապաշտպանները նշում են․ «Վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջև։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ 98 մարդ ձերբակալվել է, նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու և խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»:
Իրավապաշտպանների խոսքով՝ նախորդ տարվա գարնանը սկիզբ առած ցույցերի ևս մեկ առանձնահատկությունը լրագրողների դեմ ճնշումներն էին:
«Ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերն ուղեկցվել են լրագրողների դեմ ճնշումների և հետապնդումների, այդ թվում՝ նրանց ուղղված վիրավորանքի և սպառնալիքների դեպքերի աճով։ Հայաստանում գործող «Խոսքի ազատության կոմիտեի» տվյալներով՝ լրատվամիջոցների 14 ներկայացուցիչներ են տուժել բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում։ Դա տեղի է ունեցել թե թիրախային հարձակումների և թե ամբոխի հրմշտոցի պատճառով։ Որոշ լրագրողների հրել և գետին են գցել, ոմանք էլ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել՝ վնասվածքներ ստանալով», – նշված է Amnesty International-ի պատրաստած զեկույցում։
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: