Նորարարական նախաձեռնություն՝ համապարփակ լուծումներով, վերապատրաստված կամավորներով և կենսական տեխնոլոգիաներով
Երևան, ապրիլ 29, 2025: «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությունն արդեն գործարկվել է Երևանում՝ ունենալով շոշափելի արդյունքներ։ Նախաձեռնությունը մեկնարկեց 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀԵՆԱՐ և «Philips Foundation» հիմնադրամների և Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության նշանակալի աջակցությամբ։
Նախագիծը ներկայացնում է աննախադեպ, համապարփակ լուծում Հայաստանում և տարածաշրջանում, որը միավորում է կրթություն, ժամանակակից բժշկական սարքավորումներ և նորարարական ՏՏ համակարգ։ Այս ամբողջական մոտեցումը նպաստում է «վերակենդանացման շղթայի» ամրապնդմանը՝ ավելի շատ մարդկանց տալով ապրելու հնարավորություն սրտի հանկարծակի կանգի դեպքում։
Նման կարևոր հաստատությունների համագործակցությամբ Երևանը դարձել է տարածաշրջանի առաջին քաղաքը, որն իրականացնում է հանրային առողջապահությանն ուղղված նման լայնածավալ նախաձեռնություն՝ միանալով այնպիսի խոշոր քաղաքների շարքին, ինչպիսիք են Սիեթլը, Կոպենհագենը, Ամստերդամը, Տոկիոն և Թել Ավիվը։
Այսօր արդեն Երևանի փոքր կենտրոնում տեղադրվում են ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ)՝ միմյանցից ոչ ավելի, քան 300 մետր հեռավորության վրա։ Սա կենսական կարևոր հեռավորություն է, որը կամավորին թույլ է տալիս վերցնել դեֆիբրիլյատորը և մինչև 6 րոպեում հասնել պատահարի վայր՝ առավելագույնի հասցնելով սրտային արտակարգ իրավիճակներում փրկվելու հնարավորությունները։ ԱԱԴ-ների տեղադրումն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ, որի համար խորապես շնորհակալ ենք բոլոր գործընկեր կազմակերպություններին։ Դեֆիբրիլյատորների տեղադրումն ու տեխնիկական սպասարկումն ապահովվում է «Մեդիտեք» ընկերության կողմից։
Կարդացեք նաև
«Այս նախագիծը մեկնարկել ենք հավատով, որ պետական, մասնավոր, բժշկական և տեխնոլոգիական գործընկերների համատեղ ջանքերով հնարավոր է ձևավորել փրկության արդյունավետ օղակ։ Այսօր այն արդեն գաղափար չէ, այլ գործիք՝ կյանքեր փրկելու համար։ Երևանը դարձել է առաջին քաղաքը հետխորհրդային տարածքում, որտեղ այսպիսի նախաձեռնությունը գործարկվում է քաղաքային մակարդակով։ Տեղադրված է արդեն 30 դեֆիբրիլյատոր, առաջիկա օրերին այդ թիվը կհասնի 50-ի։ Վերապատրաստվել է շուրջ 500 կամավոր՝ թե՛ անհատների, թե՛ մասնավոր կազմակերպությունների շրջանակում։ Մեր նպատակն է մինչև տարեվերջ ունենալ 2,000 վերապատրաստված քաղաքացի։ Մեր աշխատանքը հնարավոր չէ լիարժեք պատկերացնել առանց Երևանի շտապօգնության ծառայության հետ սերտ համագործակցության։ Մենք նաև սկսել ենք ռազմավարական համագործակցություն Երևանի պետական բժշկական համալսարանի հետ՝ ստեղծելով վերապատրաստման կենտրոն՝ կամավորների համակարգված ու որակյալ ուսուցման համար։ Նախագիծը չի սահմանափակվում բժշկական բաղադրիչով․ այն քաղաքային մշակույթի ձևավորման շարժում է՝ կոչ անելով յուրաքանչյուր քաղաքացու պատրաստ լինել կյանք փրկել», — նշում է ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը։
Նախագծի կարևորագույն բաղադրիչը կամավորների լայնածավալ ներգրավումն ու վերապատրաստումն է։ Վերապատրաստված կամավորները տիրապետում են սրտի կանգի ժամանակ անհրաժեշտ գործնական հմտություններին և միևնույն ժամանակ ներառված են նախագծի շրջանակներում մշակված նոր ՏՏ համակարգում, որը կկապի նրանց շտապօգնության ծառայության հետ։ Բջջային հավելվածի միջոցով նրանք կստանան շտապօգնության աշխատակիցների ահազանգերը և կկարողանան անհապաղ արձագանքել՝ մինչև բժիշկների ժամանումը։ Վերապատրաստումները վարում են ծրագրի շրջանակում ներգրավված փորձառու մասնագետները։
Այս պահին կամավորների գրանցումը շարունակվում է։ 18-ից բարձր բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցել անվճար 4-ժամյա վերապատրաստման դասընթացներին, ձեռք բերել կյանք փրկելու գիտելիքներ և դառնալ իրենց համայնքի հերոսները։
Գրանցվել հնարավոր է հղմամբ:
ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար: Աֆեյան հիմնադրամի (https://www.afeyanfoundation.org) աջակցությամբ ՀԵՆԱՐ հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում առաջնային խնամքի համակարգի վերափոխման վրա՝ շեշտը դնելով տաղանդների զարգացման և թվային փոխակերպման վրա: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ՀԵՆԱՐ հիմնադրամի կայքում (https://henar.am/):
ՀԵՆԱՐ հիմնադրամ