Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները կհանեն Ազատության հրապարակի վրանը․ «Կառավարությունը ոչ միայն 2 ամսով երկարաձգելու է 40 հազար դրամ աջակցությունը, այլ ընդունել է մեր պահանջները»

Ապրիլ 29,2025 17:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է Տիգրան Խաչատրյանի ուղերձը եւ իրենց դիրքորոշումը։ Վաղը տեղի է ունենալու կառավարության նիստ, նրանք ոչ միայն երկու ամսով երկարաձգելու են 40 հազար դրամ աջակցությունը, որի մասին բավական երկար ժամանակ է՝ խոսել ենք, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը, պատրաստ են բարելավել ծրագրերը։ Եվ մենք թղթի վրա ներկայացրել ենք այն բոլոր կետերը, որոնք բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին՝ բնակարանային ծրագրի մասին կուզեմ խոսել։ Միեւնույն ժամանակ ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չեն գործում։ Եվ նրանք մեզանից խնդրել են մեր կարծիքը։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, առաջիկայում համատեղ աշխատելու ենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա ասաց, որ առաջիկա 10 օրերի ընթացքում Խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարված աշխատանքի արդյունքը։ Դրանից հետո արցախցիները կգնահատեն այդ աշխատանքը, եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքն անել, իրենք կաշկանդված չեն, գնալու են այդ ճանապարհով։

«Ինչ վերաբերում է նրան, թե խորհուրդն իր հետագա գործառույթն ինչպես է իրականացնելու, դուք տեղյակ եք, որ մի քանի օր առաջ նախագահ Շահրամանյանը պատրաստակամություն հայտնեց, որ պատրաստ է Նաիրի Զարյանի ներկայացուցչությունում տեղ տրամադրել։ Մենք երկար ենք քննարկել, իրականում ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, բոլորդ գիտեք։ Եվ կարծում եմ՝ մենք կորոշենք ու մեր հետագա գործառույթը կիրականացնենք ներկայացուցչությունում»,- ասաց նա՝ հավելելով, որ վրանը հանելու են Ազատության հրապարակից։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ իրենց պահանջագրի մնացած 11 կետերի վերաբերյալ շարունակելու են իրենց պայքարը։ «Մենք կաշկանդված չենք նորից հանրահավաք անելու եւ մեր պահանջները ներկայացնելու։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ կարող ենք կետերով ներկայացնել, թե քանի կետով են իրենք հետքայլ կատարել եւ ընդունել, որ այս ծրագրերը բարելավելու կարիք կա։ Ընդհանուր համաձայնության եզրեր ենք գտել, քանի որ արցախցիներն ունեն այսօր հրատապ խնդիրներ։ Եվ այս մասով ընդառաջ ենք գնացել, որպեսզի ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները դրսում չմնան ու չարտագաղթեն»,- նշեց նա։

Անդրադառնալով բնակապահովման ծրագրին՝ Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Յուրաքանչյուր անձի համար գործում է 3, 4 եւ 5 մլն դրամ շեմը։ Ընդունել են, որ կարող են շեմը բարձրացնել։ Նաեւ գոտիների հարցն են քննարկելու, միայն նշել են, որ պատրաստ չեն քննարկել մայրաքաղաք Երեւանը, բայց մենք պնդել ենք, որ Չարենցավանն ու Աբովյանը եւս ներգրավվեն յուրաքանչյուր անձի համար 4 մլն դրամ շեմի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն ասաց, որ իրենց գլխավոր նպատակը հայկական Արցախ վերադարձն է, դրա համար արցախցիները պետք է ապրեն ու արարեն Հայաստանում։ Ինչ վերաբերում է վրանի հարցին՝ նա ասաց․ «Մենք կառավարությունում ասել ենք, որ եթե այս խոստումները ֆարս են, ապա մեկ վրանի փոխարեն հաստատ կունենաք 100 վրան»։

Ապրես Մարգարյանն ասաց, որ աշխատանքային խմբերը պարբերաբար հանրային իրազեկման հավաք կանեն եւ հանրությանը կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքը։ Եվ հանրության հետ միասին կորոշեն՝ կառավարության հետ այս քննարկումն արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ «Եթե հասկանանք, որ դա ֆարս է, կհայտարարենք մեծ հանրահավաք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արցախցիներն ասացին, որ պայքարը շարունակում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930