Լրահոս
Օրվա լրահոսը

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Ապրիլ 29,2025 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Պարի միջազգային օրն է այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել՝

բալետի արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը,

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ԵՐԳԻ-ՊԱՐԻ պետական անսամբլի պարախմբի արտիստ Արթուր Հայրապետյանը,

ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասական պարի դասախոս Վլադիմիր Շահվերդյանը,

 «Հաճըն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Ավետիսյանը,

 «Վալենս» և «Զանգեզուր» պարային համույթների գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյանը:

Նախարարը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ոլորտում ներդրած ջանքերի համար:

«Արվեստն ու մշակույթը բացառիկ ուժ և  ոգևորություն են փոխանցում և մշտապես օգնում են թե՛ հանրային, թե՛ պետական մակարդակում՝ դիմակայելու մարտահրավերներին և հաղթահարելու դժվարությունները։ Տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ թվում է՝ ամեն ինչ հնարավոր է ստեղծել թվային գործիքների կիրառմամբ,  առանձնակի կարևորվում է ստեղծագործելու հատկությունը, որը մարդուն դարձնում է անկրկնելի ու անփոխարինելի»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ պարարվեստի ներկայացուցիչներին ուղղված գնահատանքը միտված է նաև հանրության շրջանում նրանց գործունեության տեսանելիության բարձրացմանը, պարարվեստի հանրահռչակմանը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է պարի տարածումը և ուսուցումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի՝ վերջերս ներդրված սոցիալական կրեդիտի համակարգը նպաստավոր է երեխաների շրջանում պարարվեստը խրախուսելու համար: Այս համատեքստում նա կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին՝ առավել ակտիվորեն մասնակցել պարը հանրության շրջանում տարածելու և հասանելի դարձնելու գործընթացին։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930