Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա. Փաշինյան

Ապրիլ 29,2025 17:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին՝ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն եղբայրական Վրաստանի,  երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի: «Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները և  արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Դա, կարծում եմ, մի քայլ է, որն արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները: Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իր համոզմամբ, այդ շահերը տեղավորվում են նաև տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում:

Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ՝ որպես Վրաստանի նախագահ: «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք-կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։  Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը»,- ասել է Վրաստանի նախագահն՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է և հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին: Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը՝ համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930