Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները:
Ըստ զեկուցողի՝ բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջեւ համագործակցության էկոհամակարգը, որը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում:
Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը: «Նախագծի ընդունումը կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, ինչը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժեւորմանը եւ շրջանառության ընդլայնմանն ու առաջարկ-պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաեւ ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է փոխնախարարը:
Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի նաեւ միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների եւ քննադատների միջեւ նոր ինստիտուցիոնալ կապերի ձեւավորմանը:
Կարդացեք նաև
Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքում սահմանված որոշ դրույթներին:
«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների եւ փորձագետների հետ:
ԱԺ