«Իմ կարծիքով, քանի որ իմպիչմենտը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է՝ այս նախաձեռնության նպատակն այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել ջանքերը և այս պահին քննարկի այդքան կարևոր հարց՝ ո՞վ կարող է լինել վարչապետի միասնական թեկնածուն։ Իմ կարծիքով՝ այս պահին դա այլ նպատակ չի հետապնդում»,-Aravot.am-ի փաստմանը՝ իմպիչմենտի վերջնաժամկետը հունիս-հուլիս ամիսներն են և հարցին ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացը, նախագծի պատրաստումն ու շրջանառությունը, ըստ Ձեզ՝ ի՞նչ իրավաքաղաքական նշանակություն ունի իմպիչմենտը և ի՞նչ զարգացումներ կարող են լինել հատկապես այն համատեքստում, որ իշխանական թևից հայտարարություններ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ չկա և արդյոք սա ի սկզբանե դատապարտված նախաձեռնությո՞ւն չէ, որը ընդդիմադիր շրջանակների համար կարող է հերթական հիասթափության պատճառ դառնալ՝ որպես շարունակական տապալումների եւս մի օղակ, ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։
Ըստ նրա՝ քաղաքական երևույթներին պետք չէ այդպես պարզունակ մոտենալ՝ փորձելով մեկնաբանել՝ վաղը իմպիչմենտ տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Այնուհետև նշեց․ «Հարցը բարձրացրել են ոչ այնքան պրիմիտիվ մարդիկ ԱԺ-ում։ Երկու հոգին, որոնք եղել են նախաձեռնող, իմ կարծիքով՝ միշտ մեզ զարմացրել են իրենց մտքի ճկունությամբ, հետաքրքիր շարժառիթներով»։
Կրկին հարցրինք՝ իսկ հիասթափությո՞ւնը, Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց․ «Իմպիչմենտի գործընթացն ինքնին անխուսափելի է։ Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել չի կարող»։
Կարդացեք նաև
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ անվստահություն հայտնելու գործընթացը ողջամիտ է և կարող է հաջողությամբ պսակվել, եթե լինի հանրային շատ մեծ ճնշում․ «Այդ դեպքում ՔՊ-ի անդամ պատգամավորները ևս կմիանան, կարող եք չկասկածել։ Իսկ ո՞ր պարագայում կարող է լինել հանրային ճնշում․ նախադրյալներից մեկը նաև վարչապետի միասնական թեկնածուն է։ Այդ քայլերը ինչ-որ մի պահ պետք է սկսվեն և դառնան ավելի արդյունավետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի արձագանքը պաշտոնանկության նախաձեռնությանը դիտեք տեսանյութում: