Արցախցի Մարատ Եգանյանը (լուսանկարում) Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ ոչ իրավաչափ համարելով ԱԱԾ ծառայողների գործողությունները։
Բռնի տեղահանված Մարատ Եգանյանը փորձել է հատել Հայաստան-Վրաստան անցակետը, բայց այդ փորձը խոչընդոտվել է ԱԱԾ ծառայողների կողմից։ Նրանք, բացի անձնագրից, Եգանյանից պահանջել են ներկայացնել նաեւ ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայականը։
Մարատ Եգանյանը պնդում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է։ «Ես սահմանը հատում էի որպես ՀՀ քաղաքացի, ներկայացրել եմ ՀՀ քաղաքացու անձնագիր, որը մինչ այդ մի քանի անգամ ներկայացրել եմ սահմանը հատելու ժամանակ, որեւէ խոչընդոտ չի եղել։ Բայց այս անգամ խոչընդոտել են՝ հղում անելով կառավարության որոշմանը։ Պահանջեցին մեկ այլ փաստաթուղթ, ես ասացի՝ ՀՀ քաղաքացիները հատում են սահմանն այս անձնագրով, իմը նույնպես ՀՀ քաղաքացու անձնագիր է։ Ուղղակի թույլ չտվեցին, ասացին՝ այս որոշման մեջ գրված է, որ դուք պետք է նաեւ փախստականի մասին վկայականը ցույց տաք։
Ես դիմել եմ դատարան, դատարանում իրենք ոչ մի կեպ չեն կարողանում ապացուցել, որ ես ՀՀ քաղաքացի չեմ։ Հղում են կատարում ՄԻԵԴ որոշմանը, որտեղ դատարանը մերժել է ՀՀ դիրքորոշումը, որ «070» կոդով անձնագրերն ընդհանրապես ՀՀ քաղաքացու անձնագրեր չեն։ Ինձ ասացին՝ որպես պաշտպանության տակ գտնվող անձ՝ պետք է ներկայացնես երկու փաստաթուղթ, ես ասացի՝ հատում եմ սահմանը ոչ թե որպես պաշտպանության տակ գտնվող անձ, այլ որպես ՀՀ քաղաքացի, ինչպես գրված է իմ անձնագրում։ Եթե որեւէ մեկն առանց իմ կամքի ինձ այլ կարգավիճակ է շնորհել, դա չի նշանակում, որ ինձ դրանով զրկել են ՀՀ քաղաքացիությունից։ Դա անհատական իրավական կատով կարող է անել միայն ՀՀ նախագահը, ինչը չկա»,- ասում է Մարատ Եգանյանը։
Կարդացեք նաև
Այսօր այս գործով դատական նիստի ժամանակ Մարատ Եգանյանը հիշեցրեց, որ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման մեջ կա դրույթ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
«Ըստ էության, ես հանդիսացել եմ ՀԽՍՀ քաղաքացի։ Երբ ՀՀ-ն հռչակել է անկախություն, առաջին գումարման Գերագույն խորհրդում ներկա էին նաեւ պատգամավորեր Լեռնային Ղարաբաղից։ Դրանից հետո ընդունվել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքը, որտեղ հստակ նշված են ՀՀ քաղաքացի ճանաչվելու պայմանները։ Եվ հոդված 10-ի համաձայն՝ ՀԽՍՀ քաղաքացիները, այդ թվում՝ ես ճանաչվեցինք ՀՀ քաղաքացիներ։ Դրանից հետո, քանի որ այդ հարցը տարաձայնություններ էր առաջացնում, կային Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումներ, որտեղ հղում է կատարվում իմ կողմից հիշատակված դրույթին, համաձայն որի՝ Արցախի բոլոր քաղաքացիները ճանաչվում են ՀՀ քաղաքացի։ Դատարանների այս վճիռները բողոքարկված չեն, ուժի մեջ են»,- ասաց նա։
Եգանյանը նշեց, որ ոչ մի իրական ակտ չկա այն մասին,որ «070» ծածկագրով անձնագրերը ՀՀ քաղաքացու անձնագրեր չեն։ Նա նաեւ ասաց, որ եթե իրեն տրամադրել են փախստականի կարգավիճակ, դա չի նշանակում, որ զրկել են ՀՀ քաղաքացու կարգավիճակից։ «Եթե ինձ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ շնորհելով՝ զրկել են քաղաքացիությունից, ինձ պետք է գոնե տեղեկացնեին»,- հավելեց Մարատ Եգանյանը։
Նա պնդում է, որ «070» ծածկագրով անձնագիր ունեցող բոլոր անձինք ՀՀ քաղաքացի են, եւ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որտեղ նշված է հակառակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այսինքը «070» ծածկագրով անձնագիրը անվավեր, ուժ չունեցող թղթի կտոր է։ Փախստականս որն է՞։