Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է ինչպես հայ մշակույթը և արվեստը մեր կողմից ներկայացնելը, այնպես էլ օտարազգիների կողմից հայկական մշակույթի ներկայացումը. Դանիել Դանիելյան

Ապրիլ 29,2025 16:14

Ի՞նչ գլխավոր ուղղորդում և գերապատվություն ունի նախարարությունը արվեստի և մշակույթի ոլորտում, «Ազգային» ձևակերպումը պետակա՞ն նշանակություն է, թե՞ «էթնիկ», ի՞նչ սկզբունքով է պահպանության և շարունակական գործունեության ֆինանսավորում հատկացվում պետական մշակույթի դեմք հանդիսացող «ոչ շուկայական» արվեստի տեսակներին: Հարցերին պատասխանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, մեր այս հարցի պատասխանը ձեր պաշտոնական դիրքից ավելի հստակ է երևում. արդյոք միայն մե՞զ է թվում, թե՞ հանրությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ընդհանուր առմամբ դիտարկում է որպես մշակույթի նախարարություն, թե՞ կառավարվող ոլորտների բերումով ԿԳՄՍՆ նաև գործածվում է որպես կրթության նախարարություն, գիտության նախարարություն կամ սպորտի նախարարություն եզրաբանություններով:

– Նախարարությունը ինչպես իրավական, այնպես էլ հանրային ընկալման տեսանկյունից դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ինչը միանշանակորեն երևում է նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների, միջոցառումների և ծրագրերի, լուսաբանումների շնորհիվ:

-Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն իրենց մշակույթի` որպես կանոն միշտ տարաբնույթ դրսևորումներին, սակայն մշակույթի ֆինանսավորման սկզբունքներում բոլոր երկրներում առկա են ոչ նույնական գերապատվություններ, ինչպես օրինակ Գերմանիան գերադասում է ֆինանսավորել մշակութային ազատությունը` չխառնվելով ստեղծագործողի գործունեությանը, ԱՄՆ-ը ավելի գործարարական միջոցներ է տրամադրում, Ճապոնիան հատուկ ուշադրություն է դարձնում ազգային ավանդական արվեստներին, Ավստրիան, որ գրեթե միակ երկիրն է, որտեղ արվեստը դիտարկվում է որպես պետական բյուջեի ապահովման հաստատուն աղբյուր, մշակույթը դիտարկում է որպես «արտադրական» բնույթի հզորագույն ոլորտ: Այսպես բազում երկրներ ունեն մշակույթի ոլորտի իրենց հստակ ուղղորդումներն ու նախասիրությունները: Ի՞նչ գլխավոր ուղղորդում և գերապատվություն ունի նախարարությունը արվեստի և մշակույթի ոլորտում:

-Ձեր հարցի պատասխանը ամբողջովին կարող եք գտնել 2023 թվականին հաստատված «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրում», որտեղ հստակորեն ամրագրված են պետության կողմից մշակույթի ոլորտի գերակայություններն ու առաջնահերթությունները: Այդ գերակայություններից են ինչպես ձեր կողմից նշված ստեղծագործական ազատությունը, ինքնազբաղ արվեստագետների և ստեղծարար ոլորտի զարգացումը, մշակույթի ինստիտուցիոնալ բարեփոխումները, հայ մշակույթի հանրահռչակումն ու դիրքավորումը համաշխարհային մշակութային դաշտում և այլն:

-Խնդրեմ, պարզաբանեք, եթե կարելի է. «Ազգային» ձևակերպումն արդյոք վերաբերում է միայն «պետական բացառիկ նշանակություն ունեցող» ոլորտների՞ն, թե՞ այն նաև էթնիկ բնույթի բացառիկ նշանակություն ունի: Այն պետակա՞ն նշանակություն է, թե՞ էթնիկ:

-Այն կառույցները, որոնք արդեն իսկ ունեն ազգային կարգավիճակ, շարունակում են կրել այդ անվանումը ոչ միայն մշակույթի, այլև այլ ոլորտներում:

Օրենքով նախատեսված փոփոխությունը վերաբերում է նորաստեղծ կառույցներին, որոնց՝ համաձայն օրենքի, այսուհետ պետք է շնորհվեն «պետական», «մարզային» կամ «համայնքային» կարգավիճակներ՝ համահունչ իրենց ծավալած գործառույթներին:

-Ժամանակակից դրամատիրական աշխարհում առանձնապես գործարար շրջանները այն կարծիքն ունեն, որ պետք է գոյություն ունենան միայն այն ոլորտները, որոնք կարողանում են ինքնաբավ կամ ինքնածախսածածկման սկզբունքով իրենց պահել ու զարգացնել: Սակայն արվեստի ոլորտի բազում տեսակներում բացահայտ է, որ պետական ֆինանսավորման բացակայության պարագայում արվեստի տվյալ տեսակը պարզապես կդադարի գոյություն ունենալուց, որքան էլ որ այն հսկայական նշանակություն ունենա պետության մշակույթի համար. Օրինակ՝ բալետը կամ բազմաթիվ բազմաբնույթ թանգարաններ: Ի՞նչ սկզբունքով է պահպանության և շարունակական գործունեության ֆինանսավորում հատկացվում պետական մշակույթի դեմք հանդիսացող «ոչ շուկայական» արվեստի տեսակներին:

-Պետական կամ համայնքային ֆինանսավորում ստանում են պետական կամ համայնքային մշակութային հաստատությունները, որոնք ներկայացնում են մշակույթի և արվեստի բոլոր ուղղությունները: Դրամաշնորհների միջոցով պետական աջակցություն տրամադրվում է նաև մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող ոչ պետական կազմակերպություններին: Բացի այդ, ձեր կողմից նշված դրամատիրական աշխարհում ճիշտ և գրագետ ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են ոչ թե խաթարել, այլ նպաստել արվեստի տարբեր ոլորտների զարգացմանը: Դրա վառ ապացույցն է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդնումը, որը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվեց Օպերային թատրոնում, իսկ այսօր նշյալ մոդելին անցել են նաև Տիկնիկային թատրոնը և կամերային թատրոնը:

Ոլորտի զարգացմանը, բարձրարժեք ստեղծագործական արտադրանքի և որակյալ ծառայությունների մատուցմանը մեծապես նպաստում է թատերահամերգային կազմակերպություններում ելույթա­վճար­ների/հավելավճարների/լրավճարների սահմանումը, որը ոչ միայն միտված է արժևորելու արվես­տագետի/ստեղծագործողի աշխատանքը, այլև նպաստելու է առողջ մրցակցությունն ու նորարա­րությունը:

-Տարածված կարծիք կա, որ «մենք պիտի մեր արվեստով աշխարհին ներկայանանք»: Ո՞րն է ձեր կարծիքով ավելի կարևոր «մենք ներկայանա՞նք», թե՞ ավելի լավ կլինի, որ «մեզ ներկայացնեն»: Հատկապես ի՞նչ է արվում «մեր կողմից» և «մեզ համար»:

-Կարևոր է ինչպես հայ մշակույթը և արվեստը մեր կողմից ներկայացնելը, այնպես էլ օտարազգիների կողմից հայկական մշակույթի ներկայացումը: Դրանցից յուրաքանչյուրը միտված է լուծելու տարբեր խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ սերտորեն շաղկապված է:

Առաջինի պարագայում, մենք ներկայացնում ենք մեր մշակույթը իր առանձնահատկություններով, ձեռքբերումներով և արվեստագիտական դաշտով, իսկ երկրորդի պարագայում մենք ներկայանում որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մասը և այդ արժեքների կրող:

Զրույցը` Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930